Տիգրան Պետրոսյանը ցանկանում է շախմատասերներին «Հեթ-տրիկ» պարգեւել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օրերս կսկսի նախապատրաստվել տարվա երկու կարևոր թիմային մրցաշարերին` Եվրոպայի և աշխարհի առաջնությունների: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց մեր հավաքականի ամենակրտսեր անդամ` Տիգրան Պետրոսյանի հետ:

-Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն 1999-ից ի վեր չի նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչում: Ի՞նչ ակնկալիքներ կան այս մրցաշարից:

-Այո, և այն պատճառով, որ 1999-ից հետո չեմպիոն չենք դարձել, ֆուտբոլային լեզվով ասած` ցանկանում ենք «Հեթ-տրիկ»-ի հեղինակ դառնալ, քանի որ աշխարհի և օլիմպիադայի գործող չեմպիոնն ենք: Եվ, առհասարակ, հերթական մրցաշարն է, որտեղ պետք է ապացուցենք, որ մենք լավագույնն ենք, և մեր հաջողությունները պատահաբար չեն եղել: Ինչպես նաև` կփորձենք կրկին ուրախություն պատճառել մեր ազգին: Իսկ ինչ վերաբերում է պատրաստվածությանը, ապա առաջիկայում կսկսենք մարզումները: Կարծում եմ` մեզ մոտ վերջին նախպատրաստությունը կլինի, քանի որ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո մեկնելու ենք աշխարհի առաջնությանը` առանց հայրենիք վերադառնալու: Այնպես որ, մեզ բավականին երկար և ծանր օրեր են սպասվում:

-Հաջորդիվ գալիս է աշխարհի առաջնությունը, որը դարձյալ անցկացվում է Թուրքիայում, ինչ-որ մտավախություն ունե՞ք:

-Չէ: Մեզ մոտ կարծես սովորություն է դարձել Թուրքիայում հաղթելը: Հուսանք, այս անգամ էլ հաջող հանդես կգանք: Իհարկե, շատ ուժեղ թիմեր են լինելու, ինչպես միշտ բավականին լարված պայքար կլինի, համոզված եմ, որ մինչև վերջին օրը ոչ մի բան հայտնի չի լինի: Միանշանակ պայքարելու ենք մեդալների` հատկապես, ոսկե մեդալի համար: Կարծում եմ, մենք այդ իրավունքը վաստակել ենք, և ունենք այդ ներուժը, որպեսզի պայքարենք լավագույն հորիզոնականների համար:

-Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արանքում ընկած է ընդամենը 5 օր : Դժվար չի՞ լինի արդյոք:

-Կարծում եմ` դա շախմատի միջազգային ֆեդերացիայի սխալն է: Այս մրցաշարերն այնքան կարևոր են, որ գոնե մեկ ամիս ընդմիջում պետք է լիներ: Այս տարի լավ չէին հաշվարկել: Կարծում եմ, որ գերլարված, գերհոգնած վիճակ է լինելու: Անշուշտ, շատ դժվար է լինելու: Սովորաբար, նման խոշոր մրցաշարերից հետո, շախմատիստին մի քանի ամիս ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Սակայն մխիթարող մի բան, որ միայն մենք չենք լինելու, այլ մյուս հավաքականները ևս նույն վիճակում կլինեն: Չնայած, որքանով ես տեղյակ եմ, մյուս հավաքականներում փոքրիկ փոփոխություներ են լինելու: Ամեն դեպքում, աշխատանք է, պետք է փորձենք լավ կատարել: Երկու մրցաշարերից հետո գերհոգնածություները կթոթափենք ամանորյա տոների ընթացքում:

-Ի՞նչ մարզավիճակում են այժմ տղաները:

-Առաջնության մեկնելիս մեզ կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը, միասին էլ կգնանք հավաքներին: Շատ ուրախ եմ, որ Լևոնը հաղթեց վերջին մրցաշարում: Անշուշտ, առաջատարի լավ խաղը և լավ մարզավիճակում լինելը մեծ ոգևորություն է տալիս թիմին: Ես` ինքս, մի քանի ամիս ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել, նախապատրաստվում էի: Գաբրիելն անցած ամիս բավականին հաջող ելույթ ունեցավ, իսկ Վլադիմիրն օրեր առաջ վերադարձավ Չիգորինի մրցաշարից և, իմ կարծիքով, բավականին հաջող հանդես եկավ: Բոլորս էլ, քիչ թե շատ, լավ մարզավիճակում ենք:

-Շախմատը դպրոցներում. ինչպիսի՞ հեռանկաներ կան շախմատի համար:

-Ամեն նորամուծություն միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում: Ինչպես նաև շախմատը դպրոցում: Իմ կարծիքով շախմատը դպրոցներում երեխաներին միանշանակ օգուտ է տալու: Անպայման չէ, որ նրանք դառնան շախմատիստ, պարզապես հետագայում, ցանկացած այլ մասնագիտության մեջ իր դրականը կունենա: Ես դրական եմ վերաբերվում. ով չի ուզում, դպրոցի դասերից հետո կարող է չշարունակել: Այս ամենի համար, իմ կարծիքով, ժամանակ է հարկավոր:

-Այս տարին կարծես շախմատային վերջաբան է ունենում: Շախմատային աշխարհի ուշադրության կենտրոնում նաև Անանդ- Կարլսեն աշխարհի չեմպիոնի մրցավեճն է: Ո՞ւմ եք Դուք նախապատվությունը տալիս:

-Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ հաղթող կդառնա Մագնուս Կարլսենը: Այս պահի դրությամբ` Մագնուսն ավելի ուժեղ է, քան Անանդը: Երբ կա տարբերությունը ուժերի մեջ, դժվար է ուրիշ կանխատեսում անել: Ամեն դոպքում, Մագնուսը կհաղթի, գրեթե համոզված եմ: Այլ հարց է, թե ինչ հաշվով, ինչպիսի պայքար է սպասվում:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա