Շոու բիզնես

«Մենք»-ը պնդում է, որ Արամեն աղանդավորական շարժման է անդամակցում, երգչի մենեջերը հերքում է

3 րոպեի ընթերցում

«Մենք»-ը պնդում է, որ Արամեն աղանդավորական շարժման է անդամակցում, երգչի մենեջերը հերքում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» երիտասարդական շարժումը մտահոգություն է հայտնում, որ որոշ հանրահայտ մարդիկ համալրում են Հայաստանում լայն տարածում ստացած «Ռեմա» և «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման շարքերը: Հոկտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում շարժման փոխնախագահ, «Երիտասարդ քաղաքապետարան» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սեւան Աղաջանյանը պնդեց, թե իրենց տեղեկատվությունը հաստատող տեսաձայնագրություններ ունեն: ««Ռեմա» կրոնական կառույցի հոգեւոր հովիվ Կարեն Խաչատրյանը սպառնում է մեր կառույցի երիտասարդներին, քանի որ մեր համոզմամբ երգչուհի Արմինկան և Արսեն Գրիգորյանը «Ռեմա»-ի («ՀՀ Ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցի» կրոնական կազմակերպություն-խմբ.) ներկայացուցիչներ են, սակայն հերքում են այդ փաստը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աղաջանյանը: Նա նաև նշեց, որ երգիչ Արամեն ակտիվորեն անդամակցում է «Կյանքի խոսք» աղանդավորական շարժմանը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանը, սակայն, հերքեց այդ տեղեկությունը` համարելով, որ դա մի խումբ անգործ մարդկանց տարածած կեղծ լուր է: «Գուցե հայկական երգարվեստում կան մարդիկ, ովքեր այս կամ այն աղանդին են հարում, սակայն հաստատ ոչ Արամեն»,- շեշտեց Հակոբյանը` հորդորելով չհավատալ նման ասեկոսեներին:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահը նշեց, որ իրենց կառույցն առհասարակ հասարակական-սոցիալական բնույթի հարցեր է բարձրացնում և իրենց խնդիրն է բացահայտել աղանդավորական շարժումներին անդամակցողներին ու թույլ չտալ, որ իրենք քարոզեն հակաքրիստոնեական գաղափարներ: «Մեր խնդիրն այն է, որ հանրությունն իմանա դրա մասին և չհետևի նրանց օրինակին»- շեշտեց բանախոսը: Ավելի վաղ` հոկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսում հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ Սոֆի Մխեյանը, Էմմին և Սոս Ջանիբեկյանը հայտարարել էին, որ ոչ մի աղանդավորական կազմակերպությունների անդամ չեն և հարում են Հայ Առաքելական եկեղեցուն` հերքելով Միացյալ երիտասարդական լիգայի պաշտոնական կայքում տեղադրված ապատեղեկատվությունը, որի համաձայն` նրանք, իբր, աղանդավորական կազմակերպությունների անդամներ են:

Միացյալ երիտասարդական լիգան հոկտեմբերի 3-ին իր կայքում գրել է, թե ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում 100-ից ավելի հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ) անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: Հոկտեմբերի 4-ին լիգան հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, որի համաձայն իր առջև նպատակ չի դրել վարկաբեկել, վիրավորել կամ հանրության աչքից գցել սիրված անձանց:

Հայաստանում գրանցված կրոնական կառույցների թիվը հասնում է 67-ի: Այդ կրոնական կառույցների մեծ մասը փակ է, որոշները գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում