Տեղական սննդի որակը բարձրացել է 70 տոկոսով. Սննդի անվտանգության տեսչություն
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության կողմից նախորդ տարվա ընթացքում հայտնաբերած խախտումներից հետո այս տարի նկատելի է սննդի վիճակի 70 տոկոսով բարելավում: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց տեսչության պետ Արման Արարատյանը: «Սննդամթերքի ստուգումները պլանավորվում են յուրաքանչյուր տարին մեկ: Եթե նախորդ տարի տվյալ կազմակերպությունում կատարվել է պլանային ստուգում, ապա մենք իրավունք չունենք տարին լրանալուց շուտ իրականացնել երկրորդ ստուգումը` բացառությամբ ոչ պլանային ստուգումների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արման Արարատյանը: Պլանային ստուգումների ցանկից դուրս իրկանացանում են նաև ոչ պլանային ստուգումներ` հիմք ընդունելով հասարակության դիմումները կամ ԶԼՄ-ների միջոցով բարձրացված խնդիրները:
Արարատյանը տեղեկացրեց` այն տնտեսվարողները, որոնց արտադրանքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում, ուսումնասիրվում են հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով: «Մեզ առաջնորդողն օրենքն է, իսկ մենք իրավունք չունենք շեղվելու: Ավելին` պահանջվածից ավելի լայնածավալ աշխատանք ենք իրականացնում, քանի որ մեկ տարվա ընթացքում պետք է պլանային ստուգումներ անցկացնենք 160, սակայն իրականացրել ենք 230 տնտեսվարող սուբյեկտների մոտ»,- նշեց Արարատյանը և հավելեց, որ սննդամթերքի ոլորտում չկան մեկ օրում լուծվող խնդիրներ. իրենք աշխատում են շաբաթական 5 օր, մինչդեռ աշխատանքների համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ տեղեկացրեց, որ տնտեսվարողների կողմից իրականացված լուրջ խախտումներ են նկատվում, որոնց մասին Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը չի բարձրաձայնում: Նրա համար ընդունելի չէ Արարատյանի արդարացումն այն մասին, թե շաբաթական 5 օր աշխատելով` հնարավոր չէ կարճ ժամանակում լուծել որոշակի խնդիրներ: «Մեր կառույցն աշխատում է ընդամենը 4-5 տեսուչներով, որոնք միևնույն ժամանակ մի քանի խնդրով են զբաղվում և լավ արդյունքներ են գրանցում: Իսկ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունն, ի տարբերություն մեզ, ունի շատ ավելի մեծ թվով տեսուչներ»,- ասաց նա:
Պիպոյանը կարևորեց հանրային իրազեկվածությունը եւ նշեց, որ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունը այս տարի «դեռ լուրջ հետազոտություն չի արել»:
Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանըվստահեցրեց, որ այս խնդրում մեղավորը միայն Սննդի պետական տեսչությունը չէ: «Սպառողը նույնպես պետք է տեղյակ լինի ու օգնի պետական մարմնին: Անհրաժեշտ է ապրանքատեսակը գնելուց հետո ոչ թե նետել աղբարկղը, այլև բարձրաձայնել անորակության մասին և հանձնել փորձաքննության: Չնայած ես այսպիսով չեմ արդարացնում պատկան մարմիններին: Նրանք, որպես սպառող, երբևէ չե՞ն տեսնում, որ վաճառողները ձեռքով սնունդ են տալիս, ժամկետանց սնունդ են վաճառում: Ի՞նչն է պատճառը, որ իրենց հայտնաբերած խախտումների մասին խանութի տնօրինությանը տեղյակ չեն պահում»,-ավելացրեց Հանրային խորհրդի աշխատակիցը:
2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավական արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Վերահսկողությունը խստացվել է և այդ դաշտում նահանջ չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ:
Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում` գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր: