ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրական պատերազմը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը հոկտեմբերի 15-20-ը մեկ համընդհանուր ակցիայի շուրջկմիավորեն հայկական երգարվեստի ժողովրդական, ջազ, ռոք և հեղինակային ոլորտների ներկայացուցիչներին: Գլխավոր պողոտայում ` Սարյանի փողոցի և Մաշտոցի պողոտայի միջև գտնվող հատվածում, հինգ օր շարունակ կանցկացվի «Ձայն ընդդեմ պատերազմի» երաժշտական միջոցառումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում «Ոստան հայոց» համույթի մենակատար Հովհաննես Կուրղինյանը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը հասարակության ուշադրությունը գրավելն է հակապատերազմական թեմայի վրա:«Մեր ցանկանում ենք սևեռել մարդկանց ուշադրությունը այն բանի վրա, թե ինչի համար են ծագում պատերազմները և ում շահերին են դրանք ծառայում»,- պարզաբանեց Կուրղինյանը: Նրա գնահատմամբ` հակապատերազմական միջոցառումը, բացի երաժշտական ուղղվածությունից, նաև քաղաքացիական նախաձեռնություն է:
Միջոցառման նախաձեռնող «Ռեֆորմ» հոլդինգի պրոդյուսեր Վարդուհի Դավթյանը տեղեկացրեց, որ համերգներին մասնակցելու ցանկություն հայտնած խմբերի և անհատ կատարողների թիվն անցնում է 100-ից:
Նրա գնահատմամբ` նախաձեռնությունը յուրօրինակ կերպով «ոչ» կասի պատերազմին: «Հինգ օր տեղի կունենան տարբեր ոճերի երաժշտության համերգներ, հեղինակային երգի երեկո, կիրակի օրը մեծ շուքով ակցիան կփակվի»,- ասաց Դավթյանը` հավելելով, որ մասնակիցների գերակշռող մասը երիտասարդ երաժիշտներ են, ովքեր առանձնանում են նաև իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ
«Ռեֆորմ» հոլդինգի տնօրեն Մուշեղ Պետրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը շահույթ չի հետապնդում:
«Մենք գործընկերներ, հովանավորներ ենք փնտրում, քանի որ նախապես մասնակցելու ցանկություն էին հայտնել նաև խմբեր Վրաստանից, Բելառուսից, Իրանից և Ռուսաստանից, որոնք, սակայն, չկարողացան մեզ միանալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով»,- հավելեց Պետրոսյանը` կոչ անելով բոլորին միանալ իրենց նախաձեռնությանը:
Միջոցառմանը կմասնակցեն երգիչներ Ֆորշը, Սուրեն Առուստամյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Բամբիռ», «Ռեինկարնացիա», «Ոստան հայոց», «Դոգմա», «Միքայել Ոսկանյան և ընկերներ»,Compass band խմբերը, դիջեյ Վակցինան, այլք:
Կազմակերպիչների ցանկություններից մեկն այն է, որ երիտասարդությունը ներգրավվի մշակութային-քաղաքացիական նախաձեռնության մեջ: Առաջիկայում կազմակերպիչները ծրագրում են միջոցառումը շարունակական դարձնել և համախմբել հնարավորինս շատ թվով մարդկանց: «Ձայն ընդդեմ պատերազմի» հակապատերազմական երաժշտական հնգօրյա միջոցառում - ակցիան կամփոփվի նաև սոցիալական տեսահոլովակով ու երգով, որը սիրիական պատերզմում մեր հայրենակիցներին սատարելու քայլ է: