ՀՀ Նախագահն ընդունել է արդարադատության նախարարների խորհրդի նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և ղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀՆախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստը, այդ ձևաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:
Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկօրյա քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրման փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու և, որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:
Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ: