6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1993-ի սեպտեմբերը հարուստ էր ռազմաքաղաքական իրադարձություններով: Ինչպես հաղորդում է Արմենպրես գործակալությունը, սեպտեմբերի 23-ին Ասկերանի սահմանագծում տեղի է ունենում ԼՂՀ և Ադրբեջանի փոխվարչապետներ Ժիրայր Պողոսյանի և Աբաս Աբասովի հանդիպումը:
Բանակցող կողմերը քննարկում են «ԼՂՀ մտնող երկաթգծի աշխատանքային ռեժիմի վերականգնման, Եվլախ-Ստեփանակերտ-Գորիս-Նախիջևան գազամուղի վերաշահագործման, ԼՂՀ սահմանակից ադրբեջանական շրջաններին ոռոգման ջրի մատակարարման վերսկսման հետ կապված հարցերը» և պայմանավորվում տարբեր մակարդակի աշխատանքային խմբերով շարունակել երկխոսությունը:
«Մինչ այդ, Աղդամի սահմանի մոտ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում ԼՂՀ-ում գտնվող ադրբեջանցի 14 մարդու, որոնցից 9-ը քաղաքացիական անձինք էին, իսկ 4-ը` ռազմագերիներ: Նրանք փոխանակվում են ռուսաստանցի 6 զինծառայողների հետ, ովքեր Ադրբեջանի գերագույն դատարանի կողմից մահապատժի էին դատապարտվել»,- հայտնում է Արմենպրեսը:
* * *
Արմենպրեսի հատուկ թղթակից Մանվել Մարգարյանը, վերլուծելով Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսական վիճակը, իր հոդվածում նշում է, որ Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրումը բնակչությանը հնարավորություն է տվել զբաղվել կարտոֆիլի և բանջարեղենի այլ տեսակների մշակությամբ: Սա դրական է անդրադառնում տնտեսական ծանր վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի համար: Նա հայտնում է, որ ռազմական գործողությունների և մշտական հրետակոծության հետևանքով ԼՂՀ-ի մշակովի հողերի շուրջ 45-50 տոկոսը չի օգտագործվում, ընդ որում` ամենաբերրի հողերը:
* * *
Սեպտեմբերի վերջին թողարկվում է ԼՂՀ առաջին նամականիշը: (Նկարներ Արմենպրեսից)
* * *
1993-ի սեպտեմբերի 24-25-ին Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ ստորագրվում է տնտեսական համագործակցության համաձայնագիրը: Այն միանշանակ չի ընդունվում հայկական միջավայրում. ոմանք մտահոգություն էին հայտնում, որ դա ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է: Այս առնչությամբ սեպտեմբերի 27-ին պարզաբանումներ է տալիս ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արամ Աբրահամյանը:
«Արամ Աբրահամյանի կարծիքով, նման դաշինքի ստեղծումը բնականոն երևույթ է, այն տարածված է նաև աշխարհի այլ տարածաշրջաններում և երբեք էլ չի խոչընդոտում ԱՊՀ երկրների անկախ զարգացմանը, ինչպես նաև այս կամ այն երկրի հետ ինքնուրույն տնտեսական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը:
... Նախագահի խոսնակն իր անհամաձայնությունը հայտնեց երբեմն-երբեմն հնչող այն կարծիքներին, թե փորձեր են արվում այս կամ այն անվան տակ վերականգնել Միությունը: Ըստ նրա, այդ գաղափարը սակավ կողմնակիցներ ունի հենց բուն Ռուսաստանում, և դժվար թե մյուս հանրապետությունները դրանում ավելի շահագրգռված լինեն: «Փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի սերտ բարեկամական հարաբերությունները սկսեցին ակտիվորեն զարգանալ, երբ երկուսն էլ դարձան անկախ ժողովրդավարական երկրներե: («Հայաստանի Հանրապետությունե, 28 սեպտեմբերի, 1993թ.)
* * *
Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի է ունենում նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը, որն իրականացվել էր ՌԴ արտգործնախարարության միջոցով: Նախագահները քննարկում են ղարաբաղյան համակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
* * *
Մինչ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը անկաշկանդ զրուցում և պարզաբանումներ էր տալիս թիվ 34 ընտրատարածքի իր ընտրողներին, ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը նախարարներ Արմեն Եղիազարյանի և Լևոն Բարխուդարյանի հետ մեկնում է ԱՄՆ` մասնակցելու Միջազգային վալյուտային ֆոնդի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովի աշխատանքին:
Վաշինգտոնում խոսելով Հայաստանի առջև ծառացած դժվարությունների և սոցիալական ծանր կացության մասին` ՀՀ վարչապետը նշում է, որ ընթացող բարեփոխումներն ավելի ակնառու կլինեին, եթե միջազգային ֆինանսական կառույցների օգնությունը արդյունավետ լիներ:
«Մոտ երկու տարվա ինտենսիվ բանակցություններից, կառավարության կողմից իրականացվող էական բարեփոխումներից հետո, Միջազգային վալյուտային ֆոնդը սառեցրեց տնտեսության կայունացման համար տրվելիք ֆինանսական օգնությունը։ Այդ նույն ժամանակ Համաշխարհային բանկը զգալի վերլուծական աջակցություն ցուցաբերեց բազմաթիվ սեկտորներուն, որի համար շնորհակալ ենք, թեեւ առայսօր բանկը տատանվում է աղետի գոտու վերակառուցման համար հրատապ վարկ տրամադրելու հարցը խորհրդի քննարկմանը դնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնել։ Մինչդեռ շինարարական աշխատանքների ժամանակն արագ անցնում է. իսկ ձմեռը մոտալուտ է»: («Հայաստանի Հանրապետություն», 1 հոկտեմբերի, 1993թ.)
* * *
Անկախության ձեռքբերումից հետո մեր կյանքում կենսական նշանակություն ստացավ պետական մի ծրագիր, որը հայտնի է «Ձմեռ» անունով: Ծրագրին սովորաբար ավելացվում էր թվականը` «Ձմեռ-92», «Ձմեռ-93»...: Դրանով էր պայմանավորված, թե մենք որքան վճարովի և անվճար նավթ կստանանք, որքան լոբի, մարգարին կամ այլ օգնություն, օրական քանի ժամ էլեկտրաէներգիա կունենք: «Ձմեռ»-ն այնքան կարևոր էր, որ նրա պլանավորմամբ ու իրականացմամբ զբաղվում էին հանրապետության նախագահը, կառավարությունը ու բոլոր նախարարները:
1993-ի սեպտեմբերի 27-ի հերթական նիստի ժամանակ քննարկվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անելիքները առաջիկա ձմեռային դժվարությունները հաղթահարելու համար: