Շոու բիզնես

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ վրդովված են, որ իրենց աղանդավորներ են համարում

4 րոպեի ընթերցում

Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ վրդովված են, որ իրենց աղանդավորներ են համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շոուբիզնեսի աստղեր Սոֆի Մխեյանը, Էմմին և Սոս Ջանիբեկյանը ոչ մի աղանդավորական կազմակերպությունների անդամ չեն և հարում են Հայ Առաքելական Եկեղեցուն: Այս մասին լրագրողներին բացատրեցին աստղերը` հերքելով հոկտեմբերի 3-ին Միացյալ Երիտասարդական Լիգայի պաշտոնական կայքում տեղադրված ապատեղակատվությունը, ըստ որի նրանք, իբրև թե, աղանդավորական կազմակերպությունների անդամներ են:

«Իմ վերաբերմունքը աղանդների նկատամամբ չի եղել լավ կամ վատ: Եթե իմ մասին գրեն, որ ես սևամորթ եմ, ապա նման ապատեղակատվությունն ինձ կզայրացնի, թեև ես սևամորթների դեմ ոչինչ չունեմ: Ինձ պարզապես բարկացրել է այս ապատեղեկատվությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ընդգծեց դերասան Սոս Ջանիբեկյանը: Դերասանը կարծում է, որ նման ապատեղեկատվություն տարածելը պարզապես անլուրջ վերաբերմունք է և իր երկրպագուներին մոլորեցնելու փորձ:

«Վերջին ժամանակաշրջանում բլոգերները հաճախ են մեր նկատմամբ նման վերաբերմունք դրսևորում: Մեր անունը մենք ձեռք ենք բերել քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և ոչ թե բլոգերների հաշվին: Ինչու՞ են նրանք մեր հաշվին ցանկանում դառնալ հայտնի»,- հավելեց երգչուհի Էմմին:

«Կարծում եմ, որ սա իրավունքների ոտնահարում է, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք բարձրաձայնել այս խնդիրը: Ես արդեն երրորդ անգամ եմ հայտնվում կիզակետում, և ինձ շատ բարկացրեց այն փաստը, որ նյութի գլխավոր լուսանկարն իմն է: Մի քանի դիտում հավաքելու համար մարդիկ առանց ճշտելու տարածում են նմանատիպ ինֆորմացիա: Ես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ»,- ավելացրեց Սոֆի Մխեյանը:

Շոու-բզինեսի ներկայացուցիչների իրավաբաններն այժմ քննարկումներ են անում: Եթե որոշեն, ապա հայցադիմով կդիմեն դատարան: Իսկ այժմ իրավաբանները պնդում են, որ ապատեղեկատվության հերքումը կատարվի անուն առ անուն:

Ասուլիսի վերջում Սոս Ջանիբեկյանը նշեց, որ որոշել է պատանիներին անփութության համար ներել և նրանց դեմ դատական գործընթաց չսկսել: «Եթե, իհարկե, ինձնից և իմ երկրպագուներից նրանք լուրջ ներողություն խնդրեն` շփոթության մեջ գցելու համար: Նրանք պետք է հերքեն այդ փաստը` մեծ ներողության խոսքերով»,- ավելացրեց դերասանը:

Միացյալ Երիտասարդական Լիգան հոկտեմբերի 3-ին իր կայքումգրել է, թե ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում 100-ից ավելի հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ) անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: Լիգան վերոնշյալ անձանցից շատերի մասին ունի նաև անհերքելի փաստեր, որ նրանք աղանդավորներ են:Հոկտեմբերի 4-ին լիգան հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի այն իր առջև նպատակ չի դրել վարկաբեկել, վիրավորել կամ հանրության աչքից գցել սիրված անձանց:

«Մեր հրապարակման մեջ չի նշվել աղանդավոր լինելու հաստատ լինելը, երկրորդ` «աղանդ» բառը վիրավորանք չէ, Հայաստանում շատ աղանդավորներ կան, որոնք մեր հասարակության մասնիկն են: Ուրախ ենք, որ պարզվեց, որ ցուցակում եղած մարդիկ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են: Մենք պատրաստ ենք հանդես գալ հերքմամբ և հրապարակային ներողություն խնդրել»,- նշված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում