Սպորտ

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը իտալացի է

2 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը իտալացի է

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի Ջիովանի Դե Կարոլիսն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աբրահամի մամլո ծառայությունից, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի "EWE arena" մարզապալատում:Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն է (20-4, 10):

Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։ Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 41 մենամարտ, որոնցից 37-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում