Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ադրբեջանը ստիպված կլինի ցտեսություն ասել ԼՂ-ին. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Ադրբեջանը ստիպված կլինի ցտեսություն ասել ԼՂ-ին. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/09/734115.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետոՀայաստանի համար հնարավորություն է ստեղծվում լուծել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Նախիջևանի հարցը։Լրագրողների հետ հադիպմանը նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ստիպված կլինի ցտեսություն ասել Լեռնային Ղարաբաղին։«Բոլորս էլ գիտենք, որ Նախիջևանի Ինքնավար Մարզը Ադրբեջանին հանձնվել էր որպես պրոտեկտորատ։ Հետևաբար չկա որևէ իրավական հիմք այն Ադրբեջանին հանձնելու համար։ Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին և պահանջենք վերադարձնել այն։ Նախիջևանը հանգույց է, որը հարկավոր է Հայաստանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շիրինյանը։ Նա չպարզաբանեց, թե ինչպես է պատկերացնում Նախիջևանի վերադարձից հետո բնակչության հարցի լուծումը, սակայն վստահություն հայտնեց, որ նույնիսկ որպես ինքնավար մարզ Նախիջևանը պետք է լինի Հայաստանի կազմում։
Քաղաքագետը վստահ է, որ Ռուսաստանը ի զորու է միջամտել շատ հարցերի լուծմանը, և Հայաստանը կարող է օգտվել դրանից։ «ՌԴ նախագահը վերջերս կարողացավ կասեցնել ԱՄՆ-ի ցանկությունը ռմբակոծել Սիրիան՝ մեջբերելով մի փաստարկ՝ միջազգային իրավունքը։ Պարզ է, որ այժմ Ռուսաստանը թելադրող պետություն է և կարող է լուծում տալ նաև Հայաստանին վերաբերող հարցերին»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ խաղի մակարդակը Հայաստանի համար բարդանում է, և հնարավոր է ռազմական և քաղաքական առումով վերադասավորումներ լինեն։
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: