ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխության 65-րդ արարողությունը, որն անցկացնում է ԱՄՆ ազգային հեռուստատեսային ակադեմիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում գլխավոր պարգեւն ստացել է «Ամեն գնով» սերիալը:
Դրամատիկական սերիալի լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆ Դենիելսը «Նորություններ» սերիալում հեռուստահաղորդավար Ուիլ Մաքեւոյի դերի համար: Լավագույն դերասանուհու կոչմանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Քլեր Դեյնսը, որը ԿՀՎ-ի գործակալի դերն է խաղացել «Հայրենիք» սերիալում:
Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Աննա Գաննը («Ամեն գնով»), իսկ լավագույն դերասան՝ Բոբի Կաննավալեն («Ընդհատակյա կայսրություն»): Լավագույն սցենարի համար մրցանակը բաժին է հասել «Հայրենիք» սերիալի սցենարիստին:
Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Ամերիկյան ընտանիք»-ը: Լավագույն կատակերգ դերասան է ճանաչվել Ջիմ Փարսոնսը («Մեծ պայթյունի տեսությունը»), իսկ լավագույն դերասանուհի՝ Ջուլյա Լուի Դրեյֆուսը («Փոխնախագահը»): Երկրորդ պլանի կատակերգական դերերի համար պարգեւներն ստացել են Մերիտ Ուիվերը («Քույր Ջեկին») եւ Թոնի Հեյլը («Փոխնախագահը»):
Ընդհանուր առմամբ պարգեւներ են հանձնվել 26 անվանակարգերում: Հաղթողների ամբողջական ցուցակը հրապարակված է մրցանակի կայքում: