Հարցազրույց

Գերմանիայում ARD միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ձոն լոտոսին» ստեղծագործությունը

5 րոպեի ընթերցում

Գերմանիայում ARD միջազգային մրցույթում առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Ձոն լոտոսին» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ արվեստագետների պնդմամամբ՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին բնորոշ է ստեղծագործական անդուլ աշխատանքը: Մաեստրոն, իր ստեղծագործական առաջին քայլերից սկսած, մշտապես որոնումների մեջ է: Մանսուրյանին միայն երաժշտությունը չէ, որ ոգեշնչել է. մեծ արվեստագետին մշտապես ոգևորել են արվեստի բոլոր բնագավառները՝ գրականությունը, կերպարվեստը, թատրոնը: Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքում ձգտել և ձգտում է արվեստում ստեղծել նորը և մնայունը: «Արմենպրես»-ը զրուցել է մեծանուն կոմպոզիտորի հետ ստեղծագործական ձեռքբերումների, «Ռեքվիեմ» գործի ստեղծման, հոգևոր երաժշտության կարևորության և այլ հարցերի շուրջ:

-Մաեստրո, սեպտեմբերի 17-ին Մոսկվայում բացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին: Եկեղեցու բացման արարողությունը նշնավորվեց տոնական համերգով, որինհնչեց նաև Ձեր ստեղծագործություններից մեկը: Ո՞ր ստեղծագործությունն է կատարվել Մոսկվայում և ինչպե՞ս է այն ստեղծվել:

-Այդ արարողությանը հնչեց իմ «Հավատով խոստովանիմ» նոր գործը՝ ըստ Ներսես Շնորհալու երկու աղոթքի՝ մեներգչի, երգչխամբի և նվագախմբի համար։ Այս գործի վրա աշխատում եմ տարվա սկզբից ու թեև այն իբրև ամբողջություն ներկայացրի հանրությանը, կարծում եմ, որ դրա հետ կապված իմ աշխատանքը դեռ կշարունակեմ։Շատ ուրախ եմ, որ իմ գործը հնչեց այդքան հանդիսավոր մի համերգի շրջանակներում։

-Տարեսկզբին Դուք ունկնդիրներին ներկայացրիք Ձեր «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: Ճի՞շտ է, որ գործի վրա աշխատել եք 10 տարի:

- «Ռեքվիեմ»-ն իրականում ունկնդիրներին ներկայացվել է 2011 նոյեմբերին, Գերմանիայում՝ տեղի ունեցած պրեմիերաներով ու դրանց ձայնագրություններով։ Հայաստանյան ունկնդիրն արդեն որոշ չափով ծանոթ էր դրան, երբ այն հնչեց Մեծ Եղեռնի ոգեկոչման 2013թ. համերգին։ Ռեքվիեմի հետ կապված իմ որոնումները, ճիշտ է, տևել են շուրջ 10 տարի, սակայն բուն գործը գրվել է մոտավորապես երկու տարվա ընթացքում` այն բանից հետո, երբ ինձ համար առավել պարզ դարձան որոշ կետեր, որոնցով պիտի կողմնորոշվեի Ռեքվիեմը գրելիս։

-Պարոն Մանսուրյան, երկու օր առաջ մենք տոնեցինք Անկախության օրը: Ի՞նչ հուշեր ունեք օրվա վերաբերյալ: 22 տարի առաջ ինչպիսի՞ն էր Հայաստանը՝ Ձեր աչքերով:

-Սիրով եմ հիշում այդ օրերը. մենք բոլորով միասին էինք։

-Վերջին շրջանում Դուք գրում եք հիմնականում հոգևոր երաժտություն: Ինչո՞վ կբացատրեք այդ հանգամանքը:

- Այդքան էլ համաձայն չեմ այս պնդմանը։ «Ռեքվիեմ»-ից առաջ ու հետո գրել եմ գործիքային երաժշտություն, ըստ էության՝ աշխարհիկ բնույթի։ Մի քանի օր առաջ Գերմանիայում, ARD միջազգային մրցույթի շրջանակներում, առաջին անգամ հնչեց այդ մրցույթի պատվերով մենանվագ ալտի համար գրածս «Ձոն լոտոսին» ստեղծագործությունը։ Իսկ եթե խոսքն այն մասին է, որ ինձ համար մնայուն ներշնչանքի աղբյուր է նաև հայ հոգևոր երգը, տաղը և, առհասարակ, հայ հնագույն հոգևոր երաժշտությունը…երևի դա ավելի շա՞տ է արտահայտվում վերջին շրջանի իմ գործերում. ուրախ եմ, եթե այդ տպավորությունն ունեք։

-Որևէ ֆիլմի համար չէ՞ք պատրաստվում երաժշտություն գրել մոտժամանակներս:

-Ոչ:

յժմ ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում: Առաջիկայում պրեմիերաների սպասե՞նք:

-Այժմ շարունակում եմ աշխատանքը այն գործի վրա, որի մասին ասացի Ձեր առաջին հարցին պատասխանելիս։

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում: 1947թ. ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել և կատարվում են ամբողջ աշխարհում։ Գրել է նաև երաժշտություն մի շարք ֆիլմերի համար, որոնցից հայտնիներն են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ»,«Մենք ենք, մեր սարերը», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը»կինոնկարները:

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում