Հարցազրույց

Ռուբեն Մաթևոսյանն ուզում է տեսնել ապագան և լսել ապագայի ձայնը

4 րոպեի ընթերցում

Ռուբեն Մաթևոսյանն ուզում է տեսնել ապագան և լսել ապագայի ձայնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Մաթևոսյանն այս տարի կմասնակցի «Երևանյան երաժշտական շաբաթ»-ին և սեպտեմբերի 24-ին հանդես կգա «Ազգային երգի երեկո»-ին: Համերգային ծրագրում, բացի Մաթևոսյանից, հանդես կգան նաև հայկական ժողովրդական և էստրադային երգերի կատարողներ: Երեկոյի մի հատված նվիրված է լինելու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին:

Ռուբեն Մաթևոսյանն «Արմենպրես»-ին ներկայացրեց իր կարծիքը նախաձեռնության մասին, պատմեց, թե ինչու չի կատարի զուգերգ Օֆելյա Համբարձումյանի հետ և խոսեց երիտասարդ սերնդի երգիչների մասին:

-Պարոն Մաթևոսյան, սեպտեմբերին Դուք մասնակցելու եք«Երևանյան երաժշտական շաբաթ»-ին: Ի՞նչ կարծիք ունեք նախաձեռնության մասին:

-Ես կցանականայի, որ նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեին, որպեսզի արվեստագետները բեմում ավելի հաճախ երգեին իրենց սիրելի երաժշտասերի համար: Արվեստագետի և հանդիսատեսի սերը փոխադարձ է: Հայ երգը տարիներ շարունակ եղել է հոգևոր սնունդ: Ամբողջ աշխարհում ես հնչեցրել եմ այդ երգը, դաստիարակել ու երգերովս կրթել եմ մի քանի սերնդի: Ես ուզում եմ տեսնել ապագան և լսել ապագայի ձայնը: Ուրախ եմ և երջանիկ, որ նման տոնական միջոցառումներ են կազմակեպվում: Կցանկանայի, որ բեմ բարձրանալն արտիստի համար ոչ թե առիթ լիներ, այլ անհրաժեշտություն: Ես բոլոր համերգներին ներկա կլինեմ իբրև ունկնդիր, եթե, իհարկե, զբաղված չլինեմ:

-Միջոցառման միհատվածնվիրվելուէՖլորա Մարտիրոսյանի հիշատակին:

-Թող նվիրվի բոլոր նրանց հիշատակին, ովքեր շուտ հեռացան կյանքից:

-Ի՞նչ ստեղծագործություններ եք կատարելու երեկոյի ընթացքում:

-Դեռ չեմ որոշել, որովհետև պետք է համաձայնեցնեմ կազմակերպիչների հետ: Անպայման կերգեմ իմ լավագույն երգերից մի քանիսը, իսկ գալա համերգին կներկայացնեմ Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» երգը: Իմ երգերից չկա մի կատարում, որն անախրոնիզմ լինի: Բոլոր երգերն այնքան սիրելի են և հարազատ:

-Երեկոյին մասնակցելու է նաև երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: Հնարավո՞ր է, որ նրա հետ զուգերգով հանդես գաք:

-Այսօր շատ ընդունված է, որ երկուսն երգում են տարբեր տոնայնություններով և երգ են համարում այդ ամենը: Ոչ, զուգերգն առանձին ստեղծագործություն է՝ գրված երկուսի համար: Կան ձայներ, որոնք չեն կարող միասին հնչել: Օֆելյայի հետ մի փոքր դժվար կլինի երգել՝ կամ ինձ համար տոնայնությունը ցածր կլինի, կամ նրա համար՝ բարձր: Կարծում եմ, որ Օֆելյա Համբարձումյանին պետք է ներկայացնել այնպես, ինչպես նա կա: Նա կես դարից ավելի տարածում է հայ երգը: Մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք կողք կողքի՝ արդեն 53 տարի և գիտենք, ինչ արժեք է մեր ընկերությունը:

ուք այժմ դասավանդում եք Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդ սերնդի մասին:

-Ուսանողներս ինձ մոտ գալիս են սովորելու համար: Չի եղել մի դեպք, որ դասի չգան: Ես շատ լավ ուսանողներ եմ ունեցել: Ես նրանց ոչ թե երգեր եմ սովորեցնում, այլ սովորեցնում եմ, թե ինչպես պետք է երգել և ինչպես չի կարելի երգել: Ներկայացնում եմ նրանց բոլոր դրույթները պրոֆեսիոնալ երգիչ դառնալու համար: Իսկ թե ինչպես են այսօր երգում՝ իմ խնդիրը չէ: Ես պրոֆեսիոնալ արվեստի ջատագովն եմ: 250-ից ավելի շրջանավարտ եմ ունեցել, կան անուններ, որոնց ժողովուրդը սիրում և ճանաչում է: Երիտասարդ սերնդին պետք է միայն ճիշտ ուղղորդել:

Հարցազրույցը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում