Շոու բիզնես

Երեւանյան 200 կազմակերպություններ ընդամենը մեկ օր կգործեն մինչեւ կեսգիշերն անց. Cosmopolitan shopping night

4 րոպեի ընթերցում

Երեւանյան 200 կազմակերպություններ ընդամենը մեկ օր կգործեն մինչեւ կեսգիշերն անց. Cosmopolitan shopping night

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ընդամենը մեկ օր մոտ 200 խանութ բաց կլինի մինչեւ կեսգիշեր եւ կառաջարկվեն աննախադեպ զեղչեր:Երրորդ տարին անընդմեջ Հայաստանում գնումներ կատարելու սիրահարները անկախ տարիքային եւ սեռային պատկանելությունիցսեպտեմբերի 19-ինմինչեւ կեսգիշերն անց հնարավորություն կունենան մասնակցել Cosmopolitan shopping night միջոցառմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման նախաձեռնող «Cosmopolitan Հայաստան» ամսագրի նորաձեւության բաժնի խմբագիր Վանանե Արարքցյանը պատմեց, որ Cosmopolitan shopping night-ը ժամանակի ընթացքում ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում` թե մասնակից խանութների, թե այցելուների շրջանում:«Եթե 2011 թվականին մասնակից կազմակերպությունների թիվը 80 էր, երկրորդ տարում` 140, ապա այս տարի ակցիային մասնակցելու է մոտ 200 կազմակեպություն»,- ասաց Արարքցյանը: Նրա խոսքով` մասնակիցների թվում են ոչ միայն հագուստի խանութ-սրահներ, սրճարաններ, այլեւ ավիաընկերություններ, տեխնիկա, այլ տեսակի ապրանքներ եւ ծառայություններ առաջարկող առաջատար ընկերություններ:

Մասնագետի գնահատմամբ` աշխարհի տարբեր անկյուններիում իրականացվող եւ հանրային մեծ արձագանք ստացած միջոցառումը արդեն կայացած գաղափար է նաեւ Երեւանում, որի նպատակն առաջին հերթին հետաքրքիր ձեւաչափումքաղաքային «շոփինգի» իրականացումն է:

«Միջոցառման նպատակը նաեւ այն, է որ այն միավորում է մարդկանց, առիթ է դառնում ընկերների հետ տանից դուրս գալու, տոնի զգացողություն ունենալու»,- պարզաբանեց նորաձեւության բաժնի խմբագիրը` հավելելով, որ միջացառումը մեծ ոգեւորություն է առաջացնում նաեւ տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց շրջանում:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նա նշեց, որ երբեմն մարդկանց մոտ թյուրիմացաբար կարծիք է ստեղծվում, որ Cosmopolitan shopping night-ին մասնակից խանութները պարտավորված են կիրառել ճկուն զեղչեր այդ օրը, սակայն միջոցառման նախաձեռնողները մասնակից խանութների զեղչային քաղաքականության հետ կապ չունեն եւ միջոցառման անցկացման հիմքում էլ բոլորովին զեղչի գաղափարը չէ:

Արարքցյանը նշեց, որ իհարկե վատ չէ, եթե խանութը մեծ զեղչեր է հայտարարում, սակայն իրենք հորդորում են մասնակից խանութներին, զեղչեր չկիրառելու դեպքում այլ հաճելի անակնկալներ մատուցել այցելուներին` հյուրասիրության կամ փոքրիկ նվերների տեսքով:

Թեեւ ակցիային յուրաքանչյուր տարի մասնակցողների հստակ վիճակագրություն չկա, սակայն նախորդ տարի եղել է խանութ, որի այցելուների թիվը Cosmopolitan shopping night-ի ընթացքում հասել է 500, օրական 20-25 այցելուի փոխարեն: Այցելուների թվում ոչ միայն կանայք են, այլեւ տղամարդիկ:Միջոցառման նախաձեռնողները նպատակ ունեն այն շարունակական եւ ավելի հետաքրքրական դարձնելու:

Արարքցյանը նշեց նաեւ, որ Հայաստանում միջոցառման կայացվածության մասին է վկայում փաստը, որ շատ տուրիստական ընկերություններ ցանկություն են հայտնել Cosmopolitan shopping night-ն իրենց փաթեթում ներառելու եւ զբոսաշրջիկներին եւս համընդհանուր քաղաքային տոնին մասնակից դարձնելու:

Ընդգրկվածության առումով միջոցառումը չի սահմանափակվում միայն Կենտրոն վարչական շրջանով, գիշերային գնումներ կատարելու գրավիչ հնարավորությունից օգտվում է նաեւ Արաբկիր վարչական շրջանը:

Երեւանյան Cosmopolitan shopping night-ն իր 2013 թվականի արդյունքները կամփոփի սեպտեմբերի 20-ին կայանալիք հատուկ խնջույքի ընթացքում:

Cosmopolitan shopping night-երը Եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՊՀ տարածքում ամենամյա միջոցառումներ են, որոնք իրականացվում են հանրահայտ նորաձեւության ամսագրերի նախաձեռնությամբ եւ համաշխարհային մեծության տների հետ համատեղ: Միջոցառումը հաճախ ուղեկցվում է մեծ համերգային ծրագրերով, նորաձեւության ցուցադրություններով, տարատեսակ մրցույթներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում