ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոֆ Պոպպենի ուսանողուհի, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, այդ թվում` Լեոպոլդ Մոցարտի (Աուգսբուրգ) և Պագանինիի անվան միջազգային մրցույթների հաղթող, հռչակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ հանդես եկած գերմանացիաշխարհահռչակջութակահարուհի Իզաբել Ֆաուստը Երևանյան 7-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում երկրորդ անգամ ժամանեց Հայաստան: Ֆաուստը սեպտեմբերի 11-ին հանդես կգա փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները:
Իզաբել Ֆաուստը 1997 թվականին ներկայացրել է իր առաջին ձայնագրությունը` Բելա Բարտոկի երկու սոնատները, որոնք արժանացան Gramaphone ամսագրի «Տարվա լավագույն երիտասարդ կատարող» մրցանակին: Անվանի ջութակահարուհին դասավանդել է Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում:«Արմենպրես»-ը աշխարհահռչակ ջութակահարուհու հետ զրուցում է Հայաստան այցի, Ստրադիվարիուսի «Քնած գեղեցկուհին» ջութակի, հայկական երաժշտության, իր ծրագրերի և այլ հարցերի շուրջ:
-Իզաբել, նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք հարցազրույց տալ «Արմենպրես»-ին: Դուք արդեն երկրորդ անգամ եք Հայաստանում, ի՞նչ զգացողություններով եք վերադարձել մեր երկիր: Սեպտեմբերի 11-ին կայանալիք համերգից առաջ ի՞նչ տպավորություններ ունեք:
- Առաջին այցելությունից հետո տպավորված էի Հայաստանից: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Նախորդ այցիս Երևանում կատարել էի Մոցարտի ստեղծագործություններից: Հաճույքով եմ համագործակցում Հայաստանի ֆիլհարմոնիկի` այս հրաշալի նվագախմբի երաժիշտների հետ:
-Հայկական երաժշտությանը ծանո՞թ եք: Որևէ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն երբևէ կատարե՞լ եք:
- Գիտեք, կարծում եմ, որ բոլոր ջութակահարները պետք է իմանան Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Ես այդ ստեղծագործությունը կատարել եմ: Հիասքանչ Ջութակի կոնցերտ ունի նաև Տիգրան Մանսուրյանը, որը ես անպայման կսովորեմ:
- Դուք նվագում եք Ստրադիվարիուսի «Քնած գեղեցկուհին» ջութակով: Ինչպե՞ս է այն հայտնվել Ձեզ մոտ:
- Այո, Ստրադիվարիուսի՝ 1704 թվականին ստեղծված ջութակն իմ գործիքն է, որով նվագում եմ 1996-ից: Այն մի գերմանական ազնվական ընտանիքի սեփականությունն է եղել: Ես այն պատահաբար եմ գտել , և ինձ թվում է, որ այն իմ ջութակն է: Այն մոտ 150 տարի չեն օգտագործել, այդ իսկ պատճառով կոչվում է «Քնած գեղեցկուհի»:
- Դուք սկսել եք ջութակնվագել 5 տարեկանից: Ձեր ծնողնե՞րն են այսգործիքնընտրել Ձեզ համար:
- Այո, հայրս ջութակ էր նվագում, և ես լսում էի, թե նա ինչպես է նվագում: Հետո մի օր ծնողներս հարցրին, թե ուզո՞ւմ եմ ջութակ նվագել: Եվ դրանից հետո ես սկսեցի նվագել:
- Ձեր արվեստի և գործունեության վրա մեծ ազդեցություն են ունեցել Ձեր ուսուցիչներ Քրիստոֆ Պոպպենը և Դենես Շիգմոնդին: Ո՞րն էր այն ամենակարևոր դասը, որ սովորել եք այս երկու հանճարեղ գործիչներից:
- Ինձ հաճախ են նույն հարցը տալիս, և ես հարցին պատասխանելիս միշտ դժվարություններ եմ ունենում: Նրանք երկուսն էլ միևնույն երաժշտական գաղափարներն ունեին, բայց տարբեր կերպ էին արտահայտվում: Իմ գլխավոր ուսուցիչը Քրիստոֆ Պոպպենն է. նա կոնսերվատորիայում իմ դասախոսն էր: Պոպպենին հանդիպեցի, երբ 16 տարեկան էի: Դա այն տարիքն է, երբ դու պետք է աշխատես գլխիդ հետ: Մինչև այդ տարիքը դու սովորում ես ջութակ նվագել նմանակումների մեթոդով` քեզ ասում են, թե ինչ անես, ինչպես նվագես: Քրիստոֆ Պոպպենն ինձ տարավ դեպի երաժշտության ստեղծման գիտակից տարբերակը և ոչ թե նմանակման մեթոդը: Շատ երիտասարդ երաժիշտներ այդ քայլը չեն կատարում կամ անում են և շփոթվում և երբեմն նույնիսկ թողնում են իրենց մասնագիտությունը: Պոպպենը շատ նուրբ և պրոֆեսիոնալ ձևով ինձ օգնեց այդ հարցում:
-Դուք դասավանդել եք Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում: Ինչու՞ այլևսհանդես չեք գալիս դասախոսություններով:
- Կարծում եմ, դա չափից ավելի շատ էր, ես այլևս ժամանակ չունեի: Ես ընտանիքիս հետ երբեմն մնալու ցանկություն ունեի, և որոշեցի թողնել համալսարանը:
-Դուք որդի ունեք: Ձեր երեխան զբաղվու՞մ է երաժշտությամբ: Կշարունակի,արդյոք,նա իր տաղանդավոր մայրիկի գործը:
- Որդիս դաշնամուր է նվագում և սիրում է դասական երաժշտություն: Հաճախ ունկնդրում և դիտում է իմ համերգները: Նա շատ լավ է հասկանում` երբ է կատարումը լավ և երբ` այնքան էլ ոչ: Տաղանդավոր նկարիչ է: Չեմ կարծում, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվի երաժշտությամբ, երևի նկարիչ դառնա:
-Դուքնպաստում եք ժամանակակից երաժշտության առաջընթացին, ձեր համերգներում մշտապես կատարում եք երիտասարդ կոմպոզիտորների գործեր: Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից երաժշտության մասին:
- Կարծում եմ, որ մենք այսօր պարտավոր ենք նվագել ոչ միայն մահացած, այլև երիտասարդ կոմպոզիտորների գործերը: Ճիշտ է, նոր գործ սերտելը երկար ժամանակ է պահանջում: Ամեն շաբաթ չես կարող քեզ դա թույլ տալ: Բայց ես հաճախ եմ փորձում անդրադառնալ երիտասարդ կոմպոզիտորների գործերին: Սիրով կատարում եմ նաև հատուկ ինձ համար գրված ստեղծագործությունները: Կարծում եմ, որ ի վերջո ֆանտաստիկ է, երբ դու հարցնում ես կոմպոզիտորին` ինչ ի նկատի ուներ նա գործը գրելիս: Նման հարց չենք կարող տալ մահացած կոմպոզիտորներին: Ստիպված պատասխանները փորձում ենք գտնել գրքերում ու նամակներում:
-Մեր օրերում Գերմանիայում երիտասարդ տաղանդավոր ջութակահարներ կա՞ն:
- Այո, կան: Գերմանիայում ունենք նաև երաժիշտներ, ովքեր այլ երկրներից եկել և մնացել ենմեր երկրում կամ ծնվել են Գերմանիայում, թեև ազգությամբ գերմանացի չեն: Բայց, միևնույն է, նրանք գերմանացի են: Փաստորեն, ունենք տաղանդավոր երաժիշտներ ոչ միայն գերմանացիների շրջանոււմ, այլև այն մարդկանց մեջ, ովքեր գերմանացի են դարձել:
- Դեկտեմբերին Հայաստան է գալու աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն: Ճի՞շտ է, որ Դուք ևս մասնակցելու եք Աբադոյի համերգին:
- Այո, ճիշտ է: Ես շատ ուրախ կլինեմ վերադառնալ այստեղ մաեստրո Աբադոյի հետ, ով մեր օրերի ամենաաննկարագրելի երաժիշտներից մեկն է:
- Մոտ ժամանակներս որտե՞ղ եք հանդես գալու համերգներով:
- Հայաստանից հետո պատրաստվում եմ մեկնել Իտալիա, Նիդեռլանդներ, Ճապոնիա, ԱՄՆ: Կարելի է ասել` ամենուր կլինեմ:
Բացառիկ հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արթուր Հարությունյանի