Սամվել Ալեքսանյանն իր հարստությամբ զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին. մոնիթորինգ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի ամենահարուստխմբակցությունն է. խմբակցության 36 պատգամավորները միասին հայտարարագրել են 98.1 միլիոն դոլարին համարժեք գումարի ունեցվածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տվյալները սեպտեմբերի 5-ին ներկայացվեցին «Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից, որը մոնիթորինգի էր ենթարկել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի տվյալները:
Ըստ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունը, 70 պատգամավորների հայտարարագրած35.7 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցների հանրագումարով, երկրորդն է:
ՀՅԴ խմբակցությունը երրորդն է. 5 հոգանոց խմբակցությունը հայտարարագրել է 537 հազար 677 դոլարին համարժեք գումար:
Չորրորդ տեղը զբաղեցնում է ՕԵԿ-ը. խմբակցության 6 պատգամավորները հայտարարագրել են 234 հազար 565 դոլարին համարժեք գումար:
ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորները միասին հայտարարագրել են 169.275 հազար դոլարին համարժեք գումար:
«Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն ամենահամեստն են. ընդհանուր առմամբ` 118 հազար 800 դոլարին համարժեք գումար:
«Մանդատ» ՀԿ-ի`առանձին պատգամավորների հայտարարագրերի մոնիթորինգով պարզվել է, որ ՀՀ ԱԺ 20 պատգամավոր դոլարային միլիոնատեր է: Նրանց առաջին հնգյակում են 4 ԲՀԿ-ականներ` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն իր կարողությամբ զիջում է միայն Ծառուկյանին:
Դրամական միջոց չի հայտարարագրել 21 պատգամավոր. նրանցից 12-ը ՀՀԿ, 4-ը ՝ ԲՀԿ, 3-ը՝ «Ժառանգություն», 2-ը` ՀԱԿ խմբակցության անդամ են:
Ընտրական օրենսգրքի համաձայն` պատգամավորության թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հայտարարագիր ընտրություններին նախորդող տարվա ընթացքում ձեռք բերած գույքի և եկամուտների մասին:Հայտարարագիրը ներառում է տվյալներ թեկնածուի անշարժ և շարժական գույքի, դրամական միջոցների, տարեկան եկամուտների, արժեթղթերի և ներդրումների, թանկարժեք իրերի մասին: