«Հովերը» Բելգիայում կներկայացնի հայկական ժամանակակից եւ ավանդական հոգեւոր երաժշտությունը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Թայվանի միջազգային խմբերգային փառատոնից վերադարձած «Հովեր» երգչախումբը պատրաստվում է նվաճել բելգիացի երաժշտասերների սրտերը: Բացի այդ, հայ երաժշտասերները մինչև տարեվերջ ականատես կլինենբազմաթիվ պրեմիերաների և անակնկալների, որոնց մասին «Արմենպրես»-ին պատմեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:
- «Հովեր» կամերային երգչախումբը վերջերս մասնակցեց «Արծվաբերդ» օպերայի պրեմիերային, որը տեղի ունեցավ Արցախում: Ի՞նչ եք զգում Դուք և երգչախմբի անդամները Շուշիի ելույթից հետո:
- Արցախից երկու օր առաջ ենք վերադարձել: Հրաշալի նախաձեռնություն էր: «Հովեր»-ն ամբողջ կազմով չէր մասնակցում միջոցառմանը. 14 հոգով ենք ելույթ ունեցել: Ռեալական ուսումնարանի պատը մեզ համար դարձավ հրաշալի դեկորացիա: Արդյունքը կարող եք դիտել Հանրային հեռուստատեսության եթերում՝ սեպտեմբերի 20-ին: Շուշիում նման միջոցառումները, ցավոք, հաճախ չեն լինում: Մարդիկ խանդավառված էին, երջանիկ: Մշակույթը կենդանացրեց քաղաքը:

- Օգոստոսին երգաչխումբը ելույթ է ունեցել Թայվանում: Մեր իրականության մեջ սա կարծես թե առաջին դեպքն է, երբ երգչախումբը մասնակցում է նման փառատոնի:
- Այո, օգոստոսի սկզբին մենք մասնակցել ենք Թայվանի միջազգային խմբերգային փառատոնին: Հրաշալի փառատոն էր, և շատ լուրջ պատրաստված իրադարձություն: Թայվանի հետ կապված շատ լավ հիշողություններ ունենք : Մեր 9-հոգիանոց կազմն այնտեղ 4 համերգ ունեցավ: Ներկայացրինք հայ ժամանակակից երաժշտություն՝ երիտասարդ կոմպոզիտորներ Արթուր Ավանեսովի, Վաչե Շարաֆյանի, Արմեն Բոյամյանի, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործությունները: Կատարեցինք հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև եվրոպական հեղինակների գործեր: Աշխատել ենք օտար ունկնդրին ծանոթացնել մեր ժամանակակից երաժշտությանը: Փառատոնի ընթացքում նշվեց, որ մեր երաժշտությունը յուրահատուկ, ինքնատիպ է, առանձնանում է բոլոր մշակույթներից: Բուռն և ջերմ ընդունելության արժանացանք, ինչպես նաև ստացանք նոր հրավերներ՝ մասնակցելու այլ միջոցառումների: Թայվանում կայացած առաջին իսկ համերգից հետո մեր բոլոր ձայնասկավառակները վաճառվեցին:
- Այժմ ի՞նչ համերգ եք պատրաստում: Մոտ ժամանակներս շրջագայությունների մեկնելո՞ւ եք:
- Սեպտեմբերի 17-ին «100 համերգ Ցեղասպանության զոհերի հիշատակին» նախագծի շրջանակներում կկատարենք հոգևոր երաժշտություն: Սեպտեմբերի 26-ին Բելգիա ենք մեկնում՝ մասնակցելու փառատոնի: Փառատոնին ներկայացնելու ենք միայն հայկական հոգևոր երաժշտություն՝ թե ժամանակակից, թե ավանդական: Մինչև տարեվերջ Հայաստանում մի քանի համերգ կունենանք: Հոկտեմբերին «Հովերի» 8-հոգանոց կազմը ելույթ կունենա յուրահատուկ ծրագրով: Նոյեմբերին ևս համերգ կունենանք: Դեկտեմբերի 12-19-ը կմեկնենք Ֆրանսիա և այնտեղ հանդես կգանք երեք համերգով: Տարին կեզրափակենք շատ հետաքրքիր միջոցառմամբ՝ դեկտեմբերի 25-ին Կամերային երաժշտության տանը մեր երգչախումբը Հայաստանի պետական կամերային նվագախմբ հետ կներկայացնի Սեն-Սանսի «Նուել» օրատորիան: Հայաստանում այս ստեղծագործությունը երբևէ չի հնչել: Իսկ արդեն 2014 թվականի հունվարի 15-ին կկատարենք Քշիշտոֆ Պենդերեցկու վերջերս գրած «Բրեվիս» կանտատը: Հավանաբար , Հայաստան կգա նաև ինքը` Պենդերեցկին: Տեղյակ եմ նաև, որ «Շարմ» ընկերությունը մոտ ժամանակներս պատրաստվում է հրատարակել երգերի ընտրանի, որում մենք ևս ընդգրված ենք` ներկայացրել ենք Սայաթ-Նովայի գործերից մեկի մշակումները:

- «Հովերի» մշակմամբ ստեղծագործություններ պարունակող նոր ձայնասկավառակ պատրաստվո՞ւմ եք թողարկել:
- Տեսնենք, ինչպես կստացվի: Ցանկություն ունենք ժամանակակից գործերով ձայնասկավառակ ձայնագրել: Եթե չստացվի՝ ցանկություն ունեմ,ձայնագրելՎաչե Շարաֆյանի «Ձնե ձոնը»: Այս ստեղծագործությունը մենք բազմիցս ներկայացրել ենք արտասահմանում: Երիտասարդ կոմպոզիտորներն այսօր պետք է զգան, որ իրենց ստեղծագործությունները պահանջարկ ունեն, և շարունակեն նոր գործեր ստեղծել: Հուրախություն մեզ՝ լավ ստեղծագործողներ այսօր շատ ունենք: Խմբերգային երաժշտությունը վերջին շրջանում զարթոնք է ապրում, քանի որ երգչախմբերը պետականացվեցին և գործում են պետության հովանու ներքո:
Զրուցեց Ռոզա Գրիգորյանը
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի