Կարծիքներ

Ալեքսանդր Իսկանդարյանն անհրաժեշտ է համարում Եվրամիության հետ համագործակցության հատուկ ձեւաչափի մշակումը

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Իսկանդարյանն անհրաժեշտ է համարում Եվրամիության հետ համագործակցության հատուկ ձեւաչափի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն/Մաքսային միություն երկընտրանքում Հայաստանի Հանրապետությունն ընտրել է անվտանգության ապահովման բաղադրիչը: Սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Անվտանգության գործոնը Հայաստանի համար առաջնային է: Հաշվի չառնել դա Հայաստանը չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իսկանդարյանը՝ պարզաբանելով, որ անվտանգության գործոնը ՀԱՊԿ-ն է:Քաղաքագետն անհրաժեշտ համարեց Եվրամիության հետ համագործակցության հատուկ ձեւաչափի մշակումը: Իսկանդարյանը չբացառեց, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ դեռ կարող է ստորագրվել: «Մեզ անհրաժեշտ է գտնել ձեւաչափ, որի շրջանակում մենք կկարողանանք շարունակել այդ համագործակցությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ շփումները»,- նշեց Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ՝ Եվրոպան անակնկալի է եկել Հայաստանի որոշմամբ:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում