Ալեքսանդր Մանասյանը չի բացառում, որ Ադրբեջանը կօգտվի սիրիական լարվածությունից
2 րոպեի ընթերցում
![Ալեքսանդր Մանասյանը չի բացառում, որ Ադրբեջանը կօգտվի սիրիական լարվածությունից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/09/731318.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում լարվածությունն օգտագործելով Ադրբեջանն ու Թուրքիան կարող են փորձել Արցախի հարցում որոշակի օգուտներ ստանալ: Սեպտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա համոզմամբ՝ ոչ մի քաղաքագետ աշխարհում չի կարող ասել, թե սիրիական իրադարձություններն ինչ արձագանքներ կստանան անմիջական հարեւան պետություններում՝ օրինակ Թուրքիայում: «Բայց մյուս կողմից ակնհայտ է, եւ դա կարելի է հաստատորեն ասել, որ թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը կփորձեն օգտվել լարվածությունից: Դրա համար մենք պետք է ուղղակի զգոն լինենք: Այս էտապում մեր անելիքն առաջին հերթին, իհարկե, քաղաքական դաշտում է, ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու մեջ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանասյանը՝ հավելելով, որ մեր խնդիրն էլ այն է, որ չթողնենք օգտվել:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: