ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանրակրթական հաստատություններում շախմատի դասավանդումն ընդլայնում է շրջանակները:Սեպտեմբերի 1-ից «Շախմատ» առարկան կուսուցանվի նաեւ հանրապետության դպրոցների 4-րդ դասարանցիներին:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շախմատի ակադեմիայի համակարգող Վարսինե Մանանդյանը: Նրա խոսքով, 2011 թվականից «Շախմատ» առառկան ուսուցանվում էր միայն 2-րդ եւ 3-րդ դասարաններում:«Արդեն սկսել ենք բաժանել 4-րդ դասարանցիների համար նախատեսված դասագրքերը, տետրերն ու ձեռնարկները»,- ասաց նա:Մանանդյանը նշեց, որ շախմատ առարկայի դասագրքերը նոր են տպագրվել եւ ներառում են ավելի բարդ խնդիրներ, քան 2-րդ եւ 3-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերը: Հնարավոր է, որ առաջիկայում տպագրվեն դասագրքեր` նախատեսված ավելի բարձր դասարանների համար:
«Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականից: Շախմատի ակադեմիայում «Շախմատ» առարկայից վերապատրաստում են անցել ավելի քան 1900 ուսուցիչներ:Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առաջիկայում կբացվեն շախմատային դպրոցներ: Նման դպրոցներ արդեն իսկ գործում են Երեւանի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում:
Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Շախմատը կրթական ծրագրերում ընդգրկելու հայաստանյան հաջող փորձը օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար. մասնավորապես Հունգարիան եւս նպատակ ունի շախմատը ներդնել տարրական դպրոցների ազգային կրթական ծրագրում:
Վարվառա Հայրապետյան