Հասարակական

Վրացի պարեկային ոստիկանները ուսումնասիրել են Հայաստանի գործընկերների փորձը

3 րոպեի ընթերցում

Վրացի պարեկային ոստիկանները ուսումնասիրել են Հայաստանի գործընկերների փորձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը Հայաստան է այցելել օգոստոսի 27-ին՝ նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանիի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի վերաբերյալ նախապես համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման ընթացքում: Այցի նպատակը երկու երկրների ոստիկանական կառույցների գործընկերության հետագա սերտացումն է, հաջողված փորձի փոխանակումը: Հայ ոստիկաններին հետաքրքրել էր Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը, իսկ վրացական կողմին՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության կառուցվածքում ստեղծված նոր ստորաբաժանման` հատուկ գումարտակի գործունեությունը: ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ մի շարք հանդիպումներից հետո վրացական պատվիրակության անդամներն այցելել են Պարեկապահակետային գունդ:

Փորձի փոխանակման շրջանակներում վրաց գործընկերները հանդիպել են պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակի ղեկավար կազմի ու ծառայողների հետ, ծանոթացել ստորաբաժանման կառուցվածքին, անձնակազմի ընտրության չափորոշիչներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին ու աշխատանքի նորագույն եղանակներին:

Լևան Մաչավարիանին և նրան ուղեկցող անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ հանդիպել են վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ: Հյուրերը ծանոթացել են «102» օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքին: Վրաստանի ՆԳՆ կառուցվածքում գործող համանման կենտրոնը հայ և վրաց իրավապահներին թույլ է տվել որոշակի զուգահեռներ տանել և քննարկել այս ոլորտում ևս փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Գործնական ու արդյունավետ էր նաև հանդիպումը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում: Այցի շրջանակներում Վրաստանի ՆԳՆ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ու եղել Ցեղասպանության թանգարանում, Մատենադարանում եւ հյուրընկալվել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում