ՀՀ բոլոր մաքսային և անձնագրային անցակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև Զվարթնոց օդանավակայանի սրահներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում քաղաքացիների ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և գանձման հետ կապված, կամ առանց քաղաքացու իմացության դրանք զննվում կամ փոփոխության են ենթարկվում, ապա քաղաքացին կարող է ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:
Եթե քաղաքացին փախստական կամ ապաստան հայցող է և երկիր ապօրինի մուտք գործելու համար պատասխանատվության է ենթարկվել կամ 72 ժամից ավել է պահվել հատուկ կացարանում, նույնպես կարող է ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին:
Օմբուդսմենն իր երախտագիտությունն է հայտնել Ազգային անվտանգության խորհրդին՝ սահմանային անցակետերում պաստառների տեղադրման թույլտվություն ստանալու համար և Զվարթնոց օդանավակայանին՝ հոլովակները անվճար հիմունքներով տեղադրելու համար: