Արտո Թունջբոյաջյանի, Արմեն Հյուսնունցի ու Վահագն Հայրապետյանի նորաստեղծ տրիոն հյուրախաղեր կունենա ԱՄՆ-ում
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար , կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը և ջազ - նվագախումբը երաժշտասերների համար անակնկալներ են պատրաստել: Մի քանի օրից` սեպտեմբերի 7-ին, նվագախումբը համերգով հանդես կգա աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապայի հետ: Մինչև տարեվերջ Արմեն Հյուսնունցը բազմաթիվ անակնկալներ է խոստանում երաժշտասեր հանրությանը: Սեպտեմբերին արվեստագետը կմասնակցի «Երևանյան երաժշտական շաբաթ» նախաձեռնությանը և հանդես կգա Մարիամի և «Միրայֆի» հետ : «Արմենպրես»-ն այս ամենի մասին զրուցեց Արմեն Հյուսնունցի հետ:
-Սեպտեմբերի վերջին Դուք մասնակցելու եք «Երևանյան երաժշտական շաբաթ» միջոցառմանը: Ի՞նչ կարծիքի եք նախաձեռնության մասին և ի՞նչ զգացողություններ ունեք ելույթից առաջ:
-Ուրախ եմ, որ նման միջոցառում է անցկացվում: Խրախուսելի է, որ տարբեր օրերին պետք է ներկայացվեն տարբեր երաժշտական երեկոներ: Ներկայանալու եմ Մոսկվայի իմ լավ ընկերների` Մարիամ և Արմեն Մերաբովների հետ: Ուրախ եմ, որ նրանք Հայաստանում ելույթ ունենալու առիթ կունենան: Հուսով եմ, կհասցնենք նաև շփվել: Ողջունում եմ միջոցառումը և հույս ունեմ ներդրում ունենալ միջոցառման կայացման գործում:
-Ո՞ր երեկոյին կցանկանայիք ներկա գտնվել որպես հանդիսատես:
- Ջազային երեկոյի հաջորդ օրը ելույթ է ունենալու Էռնա Յուզբաշյանը, ով շատ հարգարժան արվեստագետ է և հրաշալի երգչուհի: Եթե ժամանակ ունենամ` ուրախությամբ նրան կունկնդրեմ: Դասական երաժշտության երեկոյին կցանկանայի մասնակցել` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ելույթն ունկնդրելու համար: Եթե անկեղծ ասեմ` փոփ-աստղերի մասնակցությամբ երեկոն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, բայց վստահ եմ, որ այդ երեկոն էլ ունի իր երկրպագուները: Ամեն դեպքում` կազմակերպիչները լավ ընտրություն են կատարել և բոլորին փորձել են հրամցնել իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն:
- Մինչ «Երևանյան երաժշտական շաբաթի» մեկնարկը Հայաստանի պետական ջազ- նվագախումբը ելույթ կունենա Ադամ Ռապայի հետ...
- Սեպտեմբերի 7-ին մեզ հետաքրքիր համերգ է սպասում` առիթ կունենանք նույն բեմում հանդես գալ շատ տաղանդավոր վիրտուոզ, համաշխարհային ճանաչում ունեցող շեփորահարի հետ: Վաղուց սպասված համագործակցություն է: Հայաստանի պետական ջազ - նվագախումբը նպատակ ունի այսուհետ պարբերաբար հանդես գալ հեղինակավոր մենակատարների հետ, քանզի հույս ունենք, որ մենք արդեն միջազգային ասպարեզում ներկայանալու որոշակի մակարդակ ենք ձեռք բերել: Գուցե հանդես գանք նաև արտասահմանյան երկրներում: Համերգի ծրագիրը բավականին հետաքրքիր և ինքնատիպ է լինելու, ներկայացնելու ենք նաև Ադամ Ռապայի հեղինակային ստեղծագործությունները: Ռապայի ձայնագրությունները լսել եմ You tube-ով և վստահ եմ, որ կենդանի կատարումներն ավելի հրապուրիչ կլինեն: Հուսանք, սա պատմական փուլի սկիզբ կլինի: Խոստանում ենք, որ շատ հայտնի երաժիշտներ ենք հրավիրելու Հայաստան:
- Նախորդ տարի մենք տոնեցինք Հայաստանի պետական ջազ - նվագախմբի ստեղծման 75- ամյա հոբելյանը: Արդեն պատրաստվո՞ւմ եք նվագախմբի80-ամյակի միջոցառումներին:
- Դեռ չենք մտածել այդ մասին: Նշեմ, որ սեպտեմբերի վերջին նախատեսել ենք կազմակերպել համերգ, որը նվիրված կլինի Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 85 - ամյա հոբելյանին: Ուրախ ենք, որ համատեղ համերգ ենք կազմակերպելու, որի ժամանակ կհնչեն նրա ստեղծագործություններն ու կատարումները: Առաջկայում նվագախումբը ելույթ կունենա նաև Գյումրիում:
-Բացի Ձեր թվարկած միջոցառումներից այլ նախագծերում ներգրավվա՞ծ եք:
-Սեպտեմբերին Հայաստան կժամանի Արտո Թունջբոյաջյանը, ում հետ ես և Վահագն Հայրապետյանը ելույթ կունենանք մեր նորաստեղծ տրիոյով: Աշնան վերջին հյուրախաղեր կունենանք ԱՄՆ-ում:
-Երիտասարդ ջազ-կատարողների մասին ի՞նչ կարծիք ունեք: Այսօր մեզանում լավ կատարողներ կա՞ն:
-Այո, ունենք շատ վառ անհատներ, լավ երիտասարդություն: Այն, ինչ այսօր կատարվում էԵրևանում, տարերային բնույթ ունի: Կուզենայի, որ այդ դաշտը փոքր - ինչ կազմակերպված և վերահսկելի լիներ, իսկ երաժշտական չափանիշներն` ավելի բարձր: Կրթության խնդիր ունենք այսօր: Ցանկություն կա, որ մեր երկրում լինի բարձր մակարդակի ջազային դպրոց, քանի որ, կարծում եմ, դրա կարիքը կա:
Զրուցեց Ռոզա Գրիգորյանը
Լուսանկարները` Սամվել Բերքիբեկյանի