Թռիչք դեպի Քարդիֆ. դերասանուհի Նարինե Գրիգորյանի ներկայացումը շարունակում է իր հաղթարշավը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը վերջին մի քանի տարվա ընթացքում հասցրել է սիրվել և գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մի քանի երկրներում: Ներկայացումը թռչում է փառատոնից փառատոն` մարդկանց պատմելով կույր աղջկա ներաշխարհի պատմությունը, հուզելով և զարմացնելով հանդիսատեսին` անկախ սեռից, տարիքից, ազգությունից: Սեպտեմբերին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը կմասնակցի Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայանալիք «World Stage Design» փառատոնին և այդպիսով կշարունակի իր հաղթարշավը տարբեր երկրներով ու փառատոններով: Քարդիֆյան փառատոնի, ներկայացման հաջողության և դերասանուհու նոր նախագծերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանի հետ:

-Ինչո՞վ է առանձնահատուկ Քարդիֆում կայանալիք «World Stage Design» փառատոնը, և արդյոք առաջին անգա՞մ ենք մասնակցում այս իրադարձությանը:

-Նշեմ, որ փառատոնը տեղի է ունենալու առաջին անգամ և տևելու է սեպտեմբերի 4-15-ը: Մենք երկու ելույթ ենք ունենալու սեպտեմբերի 14-ին: Քարդիֆ ենք մեկնելու 6 հոգով, իսկ մեր ճանապարհածախսը հոգում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Շնորհակալ ենք նախարարությանը մեզ աջակցելու համար: Երբ ներկայացումն ուղարկեցինք «World Stage Design»-ի կազմակերպիչներին, պարզվեց, որ այն համապատասխանում է փառատոնի ձևաչափին: Կարծում եմ, որ ինձ և բժշկի դերում հանդես եկող դերասան Սերգեյ Թովմասյանին հետաքրքիր կլինի տեսնել նաև փառատոնին մասնակցող մյուս երկրներից բերված ներկայացումները, որովհետև տեղյակ ենք, որ ելույթ են ունենալու բազմաթիվ հեղինակավոր թատերախմբեր:

-Փաստորեն, «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը շարունակում է իր փառատոնային հաղթարշավը:

-«Թռիչքով» մասնակցել ենք բազմաթիվ փառատոնների: Նախորդ տարի եղել ենք Կոստա Ռիկայի փառատոնին: Մասնակցել ենք նաև ԱՊՀ երկրների երիտասարդ բեմադրիչների համամիութենական փառատոնին. այդ փառատոնը «Եվրատեսիլի» նման միջոցառում է: Այնտեղ ստացանք երրորդ մրցանակը: Բացի այդ` պարգևի արժանացանք նաև Բելառուսում` օրիգինալ բեմական լեզվի համար: Ինչպես տեսնում եք, տարին գոնե մեկ անգամ թռիչք ենք կատարում տարբեր փառատոններում /ծիծաղում է/: Ներկայացումն ինքնին փառատոնային է, քանի որ մարդիկ այն դիտելիս չեն ունենում լեզվական դժվարություններ: Հայկական փառատոնների էլ ենք մասնակցել` «Հայֆեստին», «Արմմոնոյին», «Թատրոն X»-ին: Վերջերս այն ներկայացրինք նաև «Դուետ» փառատոնում:

- Ինչպե՞ս ծնվեց «Թռիչքը»: Այն իրագործելը դժվա՞ր էր:

-Գաղափարը վաղուց էր ծնվել, անգամ վախենում էի, որ չեմ կարողանա իրականացնել: Սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե ինչ եմ ցանկանում: Բայց հետո ինձ համար ամենահաճելին այն դարձավ, որ մարդիկ սկսեցին ասել, որ ներկայացումը շատ նոր է: Այսինքն`մենք չենք ընկել հին և ավանդական երևույթների հետևից: Կարծում եմ, որ թատրոնը միշտ պետք է արդիական լինի: Եթե ժամանակի հետ համըթնաց չես քայլում, դու ինքդ արդիական չես:

-«Թռիչքը» ներկայացնելիս խաղի ընթացքում ինչ-որ հետաքրքիր դեպքեր կամ պատահարներ եղե՞լ են:

-Այո, շատ զվարճալի դեպքեր են եղել: Տեսեք, Հայաստանում ներկայացման ժամանակ ինձ շատ մարդիկ են օգնում, քանի որ ներկայացման ընթացքում ինձ պահում են թելերը: Եթե որևէ մեկը բեմ մտնի ներկայացման ժամանակ` հաստատ կսպանենք: Կոստա Ռիկայում ինձ երկու հոգի էին օգնում` մեր թատրոնի միջազգային կապերի մենեջեր Վիկտորիան և տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նրանք ասացին, որ քաղաքում ոչ ոք հայերեն չգիտի, և, հետևաբար, եթե թելերի հետ կապված ինչ –որ խնդիր լինի, ես կարող եմ հայերեն բառեր արտաբերել, և նրանք կշարժեն թելերն այնպես, ինչպես պետք է: Հանկարծ ներկայացումից առաջ ետնաբեմ մի հայ է մտնում և բարևում մեզ: Մենք այդ պահին շատ լարված վիճակում էինք, զայրացած մտածեցինք. «Ախր, ինչու՞ ես եկել»: Այդ պահին նա իսկապես խանգարեց: Լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Մի խնդիր էլ կար` այս լուրջ ներկայացմանը մարդիկ թյուրիմացաբար իրենց հետ բերել էին նորածին կամ մեկ տարեկան երեխաների, ովքեր ներկայացման ժամանակ անընդհատ «խոսում էին»: Մի խոսքով շատ ծիծաղելի էր: Հայաստանում էլ մի հետաքրքիր դեպք եղավ: Մեր ներկայացման ժամանակ դահլիճի առաստաղից եթերային բույրեր ենք բաց թողնում, որպեսզի մարդիկ զգան, թե ինչ է կատարվում աղջկա ներսում: Հանկարծ հանդիսատեսից մեկը ներկայացման ժամանակ վեր կացավ և սկսեց բղավել. «Էս ի՞նչ խուլիգանություն է, էս ո՞վ է ջուր լցնում»: Իսկապես շատ զվարճալի էր, մի կերպ փորձեցի շտկել իրավիճակն ու շարունակել խաղալ:

՞նչ նոր ծրագրեր ունեք`քարդիֆյան փառատոնից բացի:

-Նոր ներկայացում եմ պատրաստում, որը, դեռ չստեղծված, հրավիրված է մի քանի փառատոնների: Հուսամ` մինչև տարեվերջ կներկայացնեմ այն:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա