«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը մաթեւոսյանական մշակութային կենտրոն կստեղծի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մահվանից մոտավորապես կես տարի անց` 2003 թվականին ստեղծվեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամը, որի գերնպատակը դարձավ գրողի ժառանգության պահպանումն ու տարածումը: Այժմ հիմնադրամն աշխատում է մի շարք նախագծերի, այդ թվում նաև «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ստեղծման վրա:Հիմնադրամի գործունեության, մշակութային կենտրոնի ստեղծման և այլ հարցերի շուրջ«Արմենպրես»-ը զրուցեց հիմնադրամի ղեկավար, գրողի որդի Դավիթ Մաթևոսյանիհետ:

-Պարոն Մաթևոսյան, ի՞նչ գործունեություն է այսօր ծավալում հիմնադրամը, ի՞նչ ծրագրեր, նախագծեր ունեք Հրանտ Մաթևոսյանի մշակութային ժառանգության պահպանման հետ կապված:

-«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը ոչ միայն պահպանում և տարածում է Մաթևոսյանի ժառանգությունը, այլև իրականացնում մշակութային, բնապահպանական, գյուղատնտեսական նախագծեր: Ներկայումս մենք աշխատում ենք Երևանում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցման նախագծի վրա: ՀՀ մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի և այլ բարձրաստիճան այրերի ջանքերի շնորհիվ ծրագիրը, թեև դանդաղ, բայց, այնուամենայնիվ, առաջ է շարժվում: Արդեն երկրորդ անգամ տարածք ենք ստանում` այս անգամ Աբովյան պուրակի շրջակայքում: Մշակութային կենտրոնում մոդելավորված կլինի Հրանտ Մաթևոսյանի աշխատանքային տարածքը`բնակարանը, աշխատասենյակը...Կենտրոնին կից կկառուցվի հյուրատուն, որտեղ կհյուրընկալվեն մաթևոսյանական արվեստն ուսումնասիրողները. սա միջազգային պրակտիկայում ընդունված երևույթ է: Կունենանք նաև դահլիճ, որտեղ կանցկացնենք տարատեսակ մշակութային միջոցառումներ: Հավանաբար կվերակառուցենք նաև հարակից զբոսայգու տարածքը, որտեղ ևս կստեղծենք մաթևոսյանական միջավայր: Օրինակ` տարածքներից մեկը կկոչենք Կանաչ դաշտ, մյուսը` Անտառամեջ, երրորդը` Ահնիձոր, կկառուցենք նաև Նանա իշխանուհու կամուրջը: Գուցե նաև Մաթևոսյանի ստեղծագործությունների հերոսների արձանները տեղադրենք:

-Կենտրոնի բացման ժամկետներն արդեն հայտնի՞ են:

-Ոչ, առայժմ գիտենք մոտավոր բյուջեն, որը կազմում է մեկ միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ: Կենտրոնի կահավորման և ներքին հարդարման աշխատանքները դեռ չենք հաշվարկել: Այժմ սպասում ենք կառավարության որոշմանը, կարծում եմ, որ կառավարությունում չեն մոռացել այս մասին: Հուսով եմ, որ կենտրոնի կառուցման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

-Ի՞նչ վիճակում է այսօր Հրանտ Մաթևոսյանի` Ահնիձորում գտնվող հայրական տունը:

-Ահնիձորի հայրական տունը կառուցել է պապիկս`1936-ին: Այսօր այն աղետալի վիճակում է: Այժմ այնտեղ է բնակվում հորեղբայրս, ով հնարավորություն չունի վերանորոգում կատարելու: Հուսանք, այդ հարցն էլ լուծում կստանա: Ցանկանում ենք նաև մաթևոսյանական տաղավար ստեղծել` տան շրջակայքում, որտեղ կկազմակերպենք տոնական հանդիսություններ: Նշեմ, որ օրերս ավարտվեց Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան յոթնամյա դպրոցիվերանորոգումը, տեղադրվեց Հրանտ Մաթևոսյանի գիպսե քանդակը:

- Մաթևոսյանի ձեռագրերի վերծանումը նոր ստեղծագործությունների բացահայտման առիթ դարձա՞վ: Ի՞նչ նոր գործեր եք հայտնաբերել:

-Հրանտ Մաթևոսյանի մի քանի անավարտ ստեղծագործություններ ենք գտել` «Եզրեր», «Հաղարծին» և այլ խորագրերով: Այժմ նախատեսում ենք իրականացնել Մաթևոսյանի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակություն, որը հավանաբար կլինի յոթ - ութ հատորով(կազմելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են): Ծրագիրը պիտի քննարկենք Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Կինոնանախագծեր էլ կիրականացնենք:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա