Շոու բիզնես

Էլինա Չոլախյանը «Մանկական նոր ալիք 2013»-ում զբաղեցրել է 8-րդ տեղը

3 րոպեի ընթերցում

Էլինա Չոլախյանը «Մանկական նոր ալիք 2013»-ում զբաղեցրել է 8-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի «Արտեկ» համերգային դահլիճում անցկացվող «Մանկական նոր ալիք 2013» միջազգային ամենամյա մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ 12-ամյա Սոֆյա Տարասովան` երկու մրցութային օրերի ընթացքում հավաքելով 197 միավոր` հնարավոր 198-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, Հայաստանը ներկայացնող 9-ամյա Էլինա Չոլախյանը` հավաքելով հանրագումարային 186 միավոր, կիսում է 8-րդ հորիզոնականը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադ Կոստարյովի հետ:

Մրցույթի երկրորդ հորիզոնականը բաժին է ընկել Լատվիայի ներկայացուցիչ Պաուլինա Սկրաբիտեին եւ Ռուսաստանի պատվիրակ Դիանա Խիրտովային: Երրորդ տեղում է Ուզբեկեստանը ներկայացնող Սաբինա Մուստայեւան:

Էլինա Չոլախյանը օգոստոսի 18-ին` մրցութային առաջին օրը, որպես միջազգային հիթ ներկայացրել էր ամերիկյան երգչուհի Քրիսթինա Ագիլերայի երգացանկից «Hurt» ստեղծագործությունը: Մրցութային երկրորդ օրը մեր երկրի պատվիրակը կատարել էր Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Վերադարձ» ստեղծագործությունը: Քրիսթինա Ագիլերայի «Hurt» երգը հատուկ մրցույթի համար գործիքավորել էր երգահան Դերհովան: Դուդուկահար Կամո Սեյրանյանն այն համադրել էր էթնո երաժշտական էլեմենտներով, իսկ «Վերադարձ» երգի գործիքավորումն իրականացրել էր երգահան Արսեն Գրիգորյանը:

Ավելի վաղ Ղրիմից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամ Սյուզի Շահբազյանը նշել էր, որ բոլոր մասնակիցների տրամադրությունը շատ բարձր է, մրցույթի ընդհանուր մթնոլորտը շատ առողջ է, եւ չկա ոչ մի լարվածություն մասնակիցների միջեւ: Հայաստանի մասնակցին սատարելու եւ համերգային ծրագրին մասնակցություն են ունեցել երգչուհի Լիդուշիկը, Վլադիմիր Արզումանյանը, «Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանը միաժամանակ ներկայացրած Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը, ինչպես նաեւ «Նոր ալիք 2013»-ի հայաստանյան պատվիրակ Մաշա Մնջոյանը:

«Մանկական նոր ալիք 2013»-ը, կանոնադրության համաձայն, չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որը առաջիկա օրերին մոնտաժային աշխատանքների ավարտից հետո կներկայացնի այն հանդիսատեսի դատին: Այս տարի մրցույթին մասնակցում էր 11 երկրի 16 պատանի երաժիշտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում