Ազգային ավիափոխադրողների համար մրցույթի կանոններում փոփոխություններ կլինեն
3 րոպեի ընթերցում

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրողի համար մրցույթը կհայտարարվի, երբ Mckinsey & Company խորհրդատվական ընկերությունը կավարտի վերլուծել արդյունքները եւ դրանք կներկայացնի ՀՀ կառավարությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մրցույթը չի հայտարարվի, քանի դեռ ընկերությունն ամբողջությամբ չի ավարտել իր աշխատանքները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սեպտեմբերի վերջին ընկերությունը կավարտի այդ աշխատանքները եւ դրանց արդյունքները կներկայացվեն կառավարությանը, ինչից հետո արդեն կորոշվի մրցույթի օրը:
Մրցույթի պայմաններում կլինեն փոփոխություններ, սակայն, թե հատկապես որոնք են դրանք լինելու, Նելլի Չեչինյանը չմանրամասնեց: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն: Դրանք կհրապարակվեն այ ժամանակ, երբ խորհրդատվական ընկերությունը կներկայացնի իր վերլուծություններն ու առաջարկները: Հենց դրա համար ենք մենք մրցույթի հայտարարման ժամկետը երկարաձգել»,- ասաց նա: Միջազգային ավիափոխադրողները մրցույթին մասնակցելու հնարավորություն չեն ստանա: Նելլի Չերչինյանը վստահեցրեց, որ հայտարարվելիք մրցույթին կմասնակցեն միայն տեղական ավիաընկերությունները:
ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում ընդունել էր փուլային տարբերակով օդային փոխադրումների ազատականացմանն անցում կատարելու ռազմավարությունը, որով նախատեսվում էր ոլորտում ունենալ առնվազն 3 հայկական ավիաընկերություններ, որոնք կընտրվեն մրցութային տարբերակով: Այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի ազատականացման, ՀՀ ազգային անվտանգության և տնտեսության վրա ներգործելու տարբերակներում առկա դրական և բացասական հնարավոր հետևանքները:
Մրցույթի հայտարարման ժամկետը, սակայն, հետաձգվեց, քանի որ McKinsey & Company ընկերությունը ցանկություն էր հայտնել խորհրդատվական աջակցություն տրամադրել: Ամերիկյան հայտնի ընկերության կողմից փորձ է արվել օդային փոխադրումների լավագույն տարբերակն առաջարկել Հայաստանին, որպեսզի այն կարողանա ավելի շատ ավիաընկերություններ ներգրավել, իսկ ավիատոմսերը լինեն էժան և մրցունակ: