ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում օգոստոսի 17-ին «Զվարթնոց» համալիրում կայանալիք «Դիջեյների ամռային փառատոն 2013»-ին (DJ Summer Fest 2013) կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած մոտ 14 դիջեյներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Լեւոն Եսայանը նշեց, որ կանխատեսվում է` ժամանցային ամենամեծ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 մարդ:
«Նախկինում նախաձեռնվել է դիջեյների փառատոն, սակայն իր տեսակի եւ անցկացման ձեւաչափի մեջ կայանալիք փառատոնը ամենամասշտաբայինն է լինելու»,- ասաց Եսայանը:
Նրա խոսքով` փառատոնի հյուրն է Իսրայելից ժամանած DJ Guri-ին, իսկ մինչ լուսաբաց շարունակվող շոու ծրագիրը կամփոփվի ռուսական պարային բեմի լեգենդար ներկայացուցիչներ եւ «հաուս» երաժշտական ոճի գիտակներ, ակումբային երեկույթի սպասված հյուր հանդիսացող դիջեյներ Սերգեյ Սանչեսը եւ Սերգեյ Սապունովը:
Միջոցառման կազմակերպչի գնահատմամբ` կայանալիք փառատոնն առաջին հերթինմիտված է Հայաստանում ոլորտի զարգացմանը եւ փորձի փոխանակմանը:
«Կարծում եմ փառատոնի մասնակիցների համար էլ սա լավ հնարավորություն է էլեկտրոնային լավ երաժշտություն լսելու համար»,- հավելեց Եսայանը: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են այն շարունակական դարձնել եւ անցկացնել այն նաեւ ձմռանը: