Վրաստանի պարեկային ծառայության աշխատակիցները փորձի փոխանակման նպատակով կհյուրընկալվեն ՀՀ ոստիկանությունում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում էր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատվիրակությանը վրաց գործընկերները դիմավորել են հայ-վրացական սահմանակետում և ուղեկցել Թբիլիսի: Վրաստանի ներքին գործերի նախարարությունում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությանը, պետք են գործնական քայլեր՝ համագործակցությունն ամենօրյա համատեղ աշխատանքի վերածելու համար: Մասնավորապես, ընդգծվել է երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և արդյունքների քննարկման ու լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Որոշվել է ակտիվացնել աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ: Այդ պայմանավորվածության շրջանակներում առաջիկա օրերին Հայաստան կժամանեն Վրաստանի ՆԳ նախարարության արտաքին ծառայության, մասնավորապես՝ պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ փորձի փոխանակման:

Պատվիրակությունների աշխատանքային հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը: ՀՀ ոստիկանության պատվիրակության անդամները ծանոթացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատանքային, ֆիզիկական պատրաստության ու հանգստի պայմաններին: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության Վաքե-Սաբուրթալիի շրջանային բաժին, որտեղ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զինանոցին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին: Ուշագրավ է եղել այցելությունը, մասնավորապես, Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն, որտեղ կենտրոնացվում է ոստիկանության ստորաբաժանումներից, հրշեջ և փրկարար ծառայություններից, բուժհաստատություններից, ինչպես և քաղաքացիներից ստացվող ողջ ինֆորմացիան՝ օրական 20-25 հազար ահազանգ: Օպերատորներն այդ տեղեկատվությունը մշակում և հասցեագրում են համապատասխան ստորաբաժանումներին՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար: Օպերատորների մյուս խումբն իրականացնում է տեսադիտարկում՝ դիտարկման սարքերի միջոցով մշտապես հսկողության տակ պահելով իրավիճակը ինչպես մայրաքաղաքաի փողոցներում, այնպես էլ հասարակական վայրերում:

Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել համապատասխան ոլորտների վրաց պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության որոշակի բնագավառներ ու ծրագրեր: Չնայած նախկինում էլ եղել էին երկու երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների փոխայցելություններ, բայց այս աշխատանքային այցն աննախադեպ էր՝ թե՛ քննարկված խնդիրների շրջանակով, թե՛ գործնական պայմանավորվածություններով, թե՛ փոխըմբռնման ջերմ ու անկեղծ մթնոլորտով, ինչը տեսանելի է դարձնում երկու իրավապահ կառույցների համագործակցությունը գործընկերության և համատեղ սերտ աշխատանքի վերածելու հեռանկարը:Թբիլիսյան այցից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու ողեկցությամբ այցելել է Աջարիա, որտեղ հանդիպումներ է ունեցել կառավարության անդամների և իրավապահ կառույցների պատասխանատուների հետ: Օգոստոսի 11-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին