Դայշին Կաշիմոտոն ելույթ կունենա ֆիլհարմոնիկի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի հայտնի ջութակահար Դայշին Կաշիմոտոն սեպտեմբերի 20-ին ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՖՆ մամլո ծառայությունից` ճապոնացի ջութակահարը նվագախմբի և դիրիժոր Իսրայել Յինոնի հետ կկատարի Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը:
Կաշիմոտոն ՀՊՖՆ-ի հետ ելույթ է ունեցել նաև նախորդ տարի` ներկայացնելով հանդիսատեսին Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը:
Համերգին հանդես կգա նաև դաշնակահար Մատան Պորատը: Կներկայացվեն Հանս-Պետեր Դոքի, Բեթհովենի և Չայկովսկու ստեղծագործությունները:
Դայշին Կաշիմոտոն ծնվել է 1979 թվականին, Լոնդոնում: Ջութակ նվագել է սկսել երեք տարեկան հասակից: Յոթ տարին դեռ չբոլորած` դարձել է Ջուլիարդի դպրոցի պատմության մեջ ամենակրտսեր աշակերտը: Սովորել է հռչակավոր ջութակահար Զախար Բրոնի մոտ / վերջինիս աշակերտն է եղել նաև Մաքսիմ Վենգերովը/: Կաշիմոտոն ավարտել է նաև Ֆրայբուրգի երաժշտական բարձրագույն դպրոցը: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբերի և դիրիժորների հետ: Ձայնագրել է երեք սկավառակ` Բեթհովենի, Ֆրանկի, Պրոկոֆևի, Տորու Տակեմիցուի և բազմաթիվ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Լրատվամիջոցները նրան հաճախ անվանում են ծագող արևի երկրի լար: