ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Էրիկ Կարապետյանը ստեղծագործական եռուն շրջանում է. նա Վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուների դատին՝ «Առաջին և միակ» երգի հիման վրա: Ինչպես փաստում է երգիչը, ուրախ է, որ երգը սիրվեց հանրության կողմից: Տարին հագեցած է լինելու Էրիկի համար, քանի որ բացի տարբեր երկրներով շրջագայելուց, մինչև տարեվերջ երգիչը կթողարկի նոր ձայնասկավառակ: Երգիչը վերջերս հանդես եկավ նաեւ «Նոր ալիք» երաժշտական մրցույթում, և այս տարվա մեր ներկայացուցչի՝ Մերի Մնջոյանի հետ պատվով ներկայացրեց Հայաստանը: «Արմենպրես»-ը զրուցեց Էրիկի հետ «Նոր ալիք»-ի, նոր ծրագրերի, անելիքների մասին:
- Օրերս «Նոր ալիք» երաժշտական մրցույթում ելույթ ունեցաք մեր երկրի ներկայացուցիչ Մերի Մնջոյանի հետ: Ի՞նչ էիք զգում ևս մեկ անգամ մրցույթի բեմում հայտնվելիս:
- Կրկին վերապրեցի այն¸ ինչ զգում էի իմ մասնակցության ժամանակ: Ներկայացրինք մի երգ, որը սիրվել է մանավանդ իմ կատարումից հետո: Բոլոր մասնակիցները երգում էին Ռուսաստանի հայտնի աստղերի հետ, և դա էլ բարդ էր. մտածում էի` միգուցե իրենք լավ գնահատականներ կունենան, որովհետև իրենց գործընկերներն են ժյուրիում նստած, բայց փառք Աստծո, մեր անկեղծությունը մեզ օգնեց: Երգելիս մենք Մերիի հետ փորձում էինք փոխանցել այն ամենը, ինչ զգում էինք: Ուրախ եմ, որ Մաշայի հետ ստացվեց մեր դուետը, որովհետև նա կարողացավ իր առջև դրված առաջադրանքը ճիշտ կատարել: Գնահատականներն այդ օրը բարձր էին, նույնիսկ ավելի բարձր, քան իմ նախորդ ելույթի ժամանակ: Կարծում եմ՝ բարձր պահեցի իմ երկրի պատիվը: Մեր ելույթից հետո ինձ և Մաշային շնորհակալություն են հայտնել Վալերի Մելաձեն, Իոսիֆ Կոբզոնը՝ տիկնոջ հետ, Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը, բոլորը շատ էին սիրել մեր ելույթը և անտարբեր չմնացին կատարման նկատմամբ: Բրավո Մաշային, որ 18 տարեկան հասակում մեկնեց և ներկայացրեց Հայաստանը: Հորիզոնականը կարևոր չէ: Ես նրան ասացի, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթում Մաշայի կարիերան վերջացավ և սկսվում է հասուն Մերիի կարիերան: «Նոր ալիք»-ից հետո կյանքումս շատ բան է փոխվել, ճիշտ է, այդ մրցույթով չեմ սահմանափակվել, բայց դրանից հետո ես վերադարձել եմ որպես հասուն մարդ և երգիչ: 10 օրվա ընթացքում այնտեղ դու ստանում ես այն, ինչ մենք այստեղ տարիներ փորձում ենք ունենալ:
- Սեպտեմբերին մասնակցելու եք Երևանյան երաժշտական շաբաթին, որի ընթացքում կներկայացվեն տարբեր համերգային երեկոներ՝ դասական երաժշտություն, ջազային, էստրադային, ռոք համերգ: Ի՞նչ կարծիք ունեք նախաձեռնության մասին:
- Շատ լավ նախաձեռնություն է, և հույս ունեմ՝ շարունակական բնույթ կկրի: Հուսով եմ՝ մեծ իրադարձություն կլինի և ամեն տարի կսպասենք շաբաթին այնպես, ինչպես «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ենք սպասում: Այսօր ունենք հրաշալի նվագախմբեր՝ հատկապես Սերգեյ Սմբատյանի ղեկավարած երիտասարդական նվագախումբը, հրաշալի համերգներ են ունենում: Երևանյան երաժշտական շաբաթը կհամախմբի բոլորին մեկ նպատակի՝ երաժշտության պրոպագանդման շուրջ, Երևանը կերգի, կուրախանա և ժպիտով կլցվի: Երևանյան երաժշտական շաբաթին միանշանակ կերգեմ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից և իմ երգերից: Շատ ուրախ եմ, որ Երևանը լի կլինի տոնական երեկոներով:
-Նախորդ տարի Դուք ստացաք տարվա լավագույն երգիչ մրցանակը: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այդ տիտղոսից հետո:
- Ինձ համար կարևորը ժողովրդի վերաբերմունք է, որովհետև իրականում մրցանակը ևս մեկ տեղ զբաղեցրեց իմ տանը (ծիծաղում է), նաեւ աշխատելու ուժ և եռանդ տվեց: Լավագույն շատ երգիչներ կան, որ պարզապես չունեն նման մրցանակ: Ինձ համար կարևոր է սիրված մնալ:
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Գրեմմիի մրցանակ ստանալու ցանկություն ունեք: Ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք երազանքին հասնելու համար:
- Ո՞վ չի ցանկանա Գրեմմի ստանալ: Մարդ միշտ ավելիին պետք է ձգտի, իսկ Գրեմմին երաժշտական աշխարհում ամենաբարձր պարգևն է: Ինձ համար երազանք է, չգիտեմ` կիրականանա, թե՞ ոչ, բայց պետք է ձգտել և փորձել հասնել դրան: Մինչ Գրեմմին կան այլ մրցանակներ, որոնք ես հույս ունեմ ստանալ աշխատանքիս շնորհիվ: Մրցույթներ կան, որոնց մասին Հայաստանում չեն լսել, բայց կլսեն, որովհետև ես պատրաստվում եմ Հայաստանը ներկայացնել դրանց ժամանակ: Բայց դրանց մասին չեմ խոսի:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: Նոր երգերի, տեսահոլովակների սպասե՞նք այս տարի:
-Նոր երգեր ունեմ, շուտով նաև ձայնասկավառակ կթողարկեմ, պարզապես լույսընծայումը հետաձգվում է՝ կապված տարբեր մրցույթներում իմ մասնակցության հետ: Ամեն դեպքում ձայնասկավառակն այնքան էլ կարևոր չէ, քանի որ մինչև դրա լույս ընծայումը մարդիկ ունեն արդեն երգերս և լսում են: Դա ավելի շատ կարծես աշխատանքի ամփոփում է: Բացի այդ, Առնո Բաբաջանյանի «Շնորհակալ եմ քեզ» երգը կներկայացնեմ, քանի որ մարդիկ շատ են սիրում Բաբաջանյանի՝ իմ կատարմամբ հնչող երգերը: Հիմա Հանրային հեռուստատեսությամբ նոր նախագիծ է մեկնարկում, և ես էլ կմասնակցեմ դրան, բազմաթիվ երգեր պիտի սովորեմ, մեծ շոուներ են լինելու: Աշնան սկզբին հավանաբար նոր տեսահոլովակ կունենամ, կշրջագայեմ համերգներով Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում:
Ռոզա Գրիգորյան