ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական նոր ալիք 2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող Էլինա Չոլախյանը օգոստոսի 8-ին իր մայրիկի հետ կմեկնի Ղրիմ, որտեղ նախքան օգոստոսի 18-20-ն անցկացվող մրցույթը կկատարվի մասնակիցների երգերի վերջնական ընտրություն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նշեց, որ մրցույթի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ղրիմ օգոստոսի 11-ին:
«Շատ երգեր են ընտրվել, որոնցից դեռեւս չենք կողմնորոշվել, թե որի վրա կանգ կառնենք: Էլինան շատ յուրահատուկ ձայն ունի, շատ հզոր ձայնային տվյալներ: Սկզբնական շրջանում որպես միջազգային հիթ ընտրվել էր ամերիկյան երգչուհի Ագիլերայի երգացանկից մի երգ, հետո Նիլուի «Օլա-օլա» երգը: Վերջնականապես կընտրվի առաջկա օրերին»,- պատմեց Վարդանյանը: Նրա խոսքով` մրցութային երկրրոդ օրը մեր երկրի պատվիրակը կկատարի Վարդուհի Վարդանյանի երգացանկից «Վերադարձ» երգը: «Երգը շատ գեղեցիկ է եւ նորովի է գործիքավորվել երգահան Արսեն Գրիգորյանի կողմից»,- ասաց երաժշտական պրոդյուսերը: Նա նաեւ ավելացրեց, որ թեեւ պետք չէ կանխատեսումներ անել, սակայն հաստատ է այս տարի, մրցույթի մասնակիցների թվում կան բավականին ուժեղ մրցակիցներ:
«Մանկական նոր ալիք 2013» միջազգային ամենամյա մրցույթն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: «Մանկական նոր ալիք 2012» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը: