ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ 7-րդ տեղը զբաղեցրած Մերի Մնջոյանը մրցույթն իր համար կայանալու եւ հմտանալու ճանապարհին նոր ու մեծ փուլ է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսում Մնջոյանը նշեց, որ շատ տպավորված է վերադարձել Յուրմալայից:
«Շատ լեցուն անցան Յուրմալայում անցկացրած 15 օրերը: Ամբողջ կյանքի համար այնտեղ ստացած խորհուրդները շատ մեծ դաս էին: Շատ ուրախ եմ, որ եղա Յուրմալայում եւ կարծում եմ, պատշաճ կերպով ներկայացրի Հայաստանը»,- իր տպավորություններով կիսվեց մեր երկրի պատվիրակը: Նրա գնահատմամբ` «Նոր ալիք 2013»-ը քայլ էր, ճանապարհ դեպի ավելի մեծ բեմ: «Այնքան շատ բաներ քաղեցի մասնակիցների փորձից, ժյուրիի անդամներից, որ կյանքում չեմ մոռանա»,- ընդգծեց Մնջոյանը` շնորհակալություն հայտնելով «Արմենիա» հեռուստաընկերությանը, «Հայաստանի ձայնը» նախագծում իր երաժշտական մարզիչ Սոնային, իր հետ զուգերգով հանդես եկած երգիչ Էրիկին եւ հայկական պատվիրակության բոլոր անդամներին իր կողքին լինելու եւ իրեն քաջալերելու համար:
«Արմենիա» հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը պատմեց, որ մրցույթի շրջանակում հաճախ լինում են պահեր, երբ ժյուրիի անդամները ջերմ խոսքեր են հղում մասնակիցներին կուլիսներում, սակայն այդ ամենը կադրից դուրս է արվում: «Գաղտնիք չէ, որ «Նոր ալիք»-ի ժամանակ շատ պրոդյուսերներ են գալիս, շատերը մոտենում էին շատ լավ խոսքեր էին ասում եւ բոլորին զարմացնում էր, որ 18-ամյա աղջիկը նման լավ երաժշտական մտածողություն եւ տեխնիկա ունի»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` փորձերի ընթացքում Մնջոյանն էլ ավելի կատարեկագործված էր երգում, սակայն բեմում նրան ուղեկցող հուզմունքը չխոչընդոտեց ներկայանալ հնարավորինս անկեղծ, ինչն էր իր գնահատմամբ` անտարբեր չթողեց ժյուրիի անդամներին եւ հանդիսատեսին: Երաժշտական պրոդյուսերը խոստովանեց, որ մրցույթի օրերին իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ լուրեր էր ընթերցում էլեկտրոնային լրատվամիջոցներում, որոնք առավել բնորոշ են դեղին մամուլին, եւ Մնջոյանին եւս հորդորում էր լուրջ չվերաբերվել նման ապատեղեկատվությանը:
«Մաշան առողջ մտածելակերպով, մաքուր եւ պոզիտիվ անձնավորություն է, եւ շատ համեստ, ինչը ես շատ եմ գնահատում նրա բնավորության մեջ»,- Մնջոյանին բնորոշելիս ընդգծեց Վարդանյանը` հավաստիացնելով, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը շարունակելու է գտնվել Մնջոյանի կողքին եւ համատեղ իրենք հանդես են գալու նորանոր նախագծերով:
Մնջոյանի կողմից ներկայացրած` երրորդ «Պրեմիերաների օր» մրցութային ծրագրում «Ես ու միայն դու» երգի երաժշտության հեղինակ երգահան Հայկոն նշեց, որ մարդկանց ճաշակի հետ աշխատելը ամենադժվար բանն է, եւ ինքը նորմալ է վերաբերում այն փաստին, որ երգը ոմանց դուր է եկել, իսկ մի մասին էլ` ոչ այնքան: «Երգը երկար պատմություն ունի եւ ընտրվել է ներկայացված տասը երգից: Երկար աշխատել ենք երգի վրա, այն ունի հինգ գործիքավորում»,- պատմեց Հայկոն: Նրա խոսքով` երգի ընտրությունը համաձայնեցվել է մրցույթի ղեկավարության հետ եւ շատ համահունչ է եղել, թե մրցույթի միջավայրին, թե պահանջներին:
«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով մրցույթին, կարծիք հայտնեց, որ Հայաստանը շատ լավ է ներկայացել մրցույթում եւ ընդգծեց, որ առաջիկայում Մնջոյանը ներկայանալու է հանդիսատեսին բոլորովին նոր ոճով: «Կտեսնեք այլ Մաշա, նոր երգեր, նոր տեսահոլովակներ, ամեն ինչ, այսպես ասած, կլինի Մաշայի նշանի տակ»,- կես կատակ- կես լուրջ ասաց պրոդյուսերը:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013»-ը հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսնը (Roberto Kel Torres)-ը, ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքեց 357 միավոր: Երկրորդ տեղում էր 356 միավոր հավաքած Վրաստանի պատվիրակ Սալոմե Կատամաձեն, երրորդում` Վիետնամից Vinh Khuat-ը, ով ընդամենը երկու միավորով էր զիջում Կատամաձեին: Մնջոյանը հավաքելով 344 միավոր եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: 2013 թվականին լրանում է8 մրցույթի 12-ամյակը: «Նոր ալիք 2013»-ը հաղթելու համար պայքարում էր 12 երկրի 16 ներկայացուցիչ: