ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանին շարունակվում են սիրիահայերի առևանգումները: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Հուլիսի 28-ի առավոտյան Հալեպից դեպի Թուրքիա է մեկնել փոքր ավտոբուս, որում եղել է 3 հայ ընտանիք` 7 կին և 2 դեռահաս: Թուրքիայի սահմանի վրա ավտոբուսը ստիպված է եղել կանգ առնել: Զինյալները առևանգել են 14 և 12 տարեկան պատանիներին, իսկ կանանց ազատ են արձակել: Նրանք այժմ գտնվում են Թուրքիայում: Հայ պատանիների մասին այս պահին տեղեկություն չկա»,- ասաց Զարմիկ Պողիկյանը:
Հայտնի է դարձել նաեւ, որ հուլիսի 25-ին Հալեպի բնակիչ Մարիթա Ամիրխանյանն իր տան պատշգամում վիրավորվել է եւ մահացել։Տարեց կինը բնակվում էր միայնակ, եւ միայն երկու օր հետո են ազգականները տեղեկացել դեպքի մասին։ Անհանգստանալով նրա բացակայությունից եւ կոտրելով տան դուռը՝ նրան գտնել են մահացած։
Անցնող ամիսը հալեպահայերի համար բավականին ծանր է եղել և շարունակում է այդպես մնալ: Հունիսի երկրորդ կեսից մինչև հուլիսի կեսերը Հալեպում վիրավորվել է 12 մարդ հանկարծակի նետված ռումբերի և պատահական փամփուշտների հետևանքով: Հալեպի շրջափակումից հետո հիմնական դժվարությունները եղել են անբնական սղաճն ու ապրանքատեսակների ապահովման հարցը: Հալեպում դեղորայքի ապահովման լուրջ դժվարություններ կան:
Նախորդ շաբաթվա ընթացքում հալեպահայերը զգալի կորուստներ կրեցին. նախ Հալեպից Բեյրութ ուղեւորված ավտոբուսի գնդակոծման հետեւանքով հայկին զոհվեց, 17 մարդ վիրավորվեց, ապա Հալեպի Նոր գյուղ թաղամասում երեխա խոցվեց պատահական փամփուշտից, իսկ հուլիսի 26-ին զինյալները չորս հայ տղամարդկանց պատանդ վերցրին, հարձակման ենթարկված ավտոբուսի հայ կանայք Երեւան հասնելու փոխարեն հանգրվանեցին թուրքական նահանգի պանդոկներից մեկում: