1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2013 թվականի հուլիսի 19-ին միացել է Կիոտոյի վերանայված կոնվենցիային: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կոնվենցիայի հիմնական նպատակն է պայմանավորվող կողմ հանդիսացող երկրների մաքսային ծառայությունների ընթացակարգերի ներդաշնակեցումը և պարզեցումը, կանխատեսելի և թափանցիկ միջավայրի ստեղծումը բիզնեսի համար:
ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքով, կոնվենցիային միանալով Հայաստանը ներկայացնում է համաշխարհային առևտրին ինտեգրվելու հայտ, միաժամանակ հավաստելով, որ մեր երկրում գործող մաքսային ընթացակարգերը համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին, որն, իր հերթին, խրախուսում է առևտրի դյուրացումը:
Կիոտոյի վերանայված կոնվենցիան գործում է 2006 թվականի փետրվարի 3-ից և այս պահին ունի 90 անդամ-երկիր: ԵՄ մաքսային օրենսգրքի հիմքում Կիոտտոյի կոնվենցիայի դրույթներն են: