Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է
4 րոպեի ընթերցում

Կառավարությունը որոշել է հուլիս ամսին ևս աջակցություն տրամադրել արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով՝ ընդլայնելով փոխհատուցում ստացող ապրանքների ցանկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
Որոշումը վերաբերում է ինչպես ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների, այնպես էլ թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի, հանքային ջրի և մի շարք այլ ապրանքների արտահանման աջակցության միջոցառումներին։
Ջերմատնային արտադրանքի մասով հուլիսին փոխհատուցում կտրամադրվի ելակի, լոլիկի, չերի տեսակի լոլիկի, պղպեղի և ծաղիկների արտահանման համար։ Ապրանքների ցանկը լրացվել է չերի տեսակի լոլիկով, իսկ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկների համար փոխհատուցման չափը բարձրացվել է։
Հունիսին փոխհատուցվող ապրանքների մասով, ՍԱՏՄ-ի օպերատիվ տեղեկատվության համաձայն, արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, ինչպես նաև շուրջ 3.5 միլիոն հատ և 35 տոննա ծաղիկ։
Արտահանման դինամիկայի վերլուծությամբ՝ հուլիսին կանխատեսվում է շուրջ 150 տոննա ելակի, շուրջ 3900 տոննա բանջարեղենի և շուրջ 5.2 միլիոն հատ ծաղկի արտահանում։
Հուլիսին արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի համար՝ 275 դրամ, չերի տեսակի լոլիկի համար՝ 400 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ, ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար փոխհատուցումը կկազմի 50 դրամ։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառման մեջ։
Հունիսին այս միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս և 1 տոննա սալոր։
Հուլիսին փոխհատուցում ստացող ապրանքների ցանկը լրացվել է չորացրած մրգերով և բանջարեղենով, ինչպես նաև իշխան և թառափ տեսակի ձկներով։
Արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ հուլիսին միջոցառման շրջանակում նախատեսվում է արտահանել շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1.4 միլիոն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված խաղողի գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, ինչպես նաև 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։
Այս ուղղությամբ փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝ ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 դրամ, պտղահատապտղային գինու համար՝ 200 դրամ, շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ, շշալցված հանքային ջրի համար՝ 150 դրամ, չորացրած մրգի և բանջարեղենի համար՝ 250 դրամ, իշխան տեսակի ձկան համար՝ 820 դրամ, թառափ տեսակի ձկան համար՝ 1350 դրամ։