ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնը «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ կինոփառատոնի առթիվ սեփական խաղացանկի մեկշաբաթյա դադարից հետո վերսկսում է նոր ֆիլմերի ցուցադրումը:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը տեղեկացրեց, որ մինչեւ օգոստոս կինոթատրոնում տեղի կունենան մոտ տասը նոր ֆիլմերի պրեմիերաներ: Հուլիսի 15-ից այցելուները հնարավորություն կունենան դիտել «Մեծ հարսանիք» եւ «Համաշխարհային պատերազմ3D» ֆիլմերը, «Խաղաղօվկիանոսյան սահմանագիծ» արկածային մարտաֆիլմը, հոբելյանական «Ոսկե ծիրան»-ի պրեմիերաներից մեկը` Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» հոգեբանական միստիկ դրաման:
Սաֆարյանը նշեց, որ կինոթատրոնը փորձում է այնպես աշխատել, որպեսզի կարողանա համաշխարհային կինովարձույթին համահավասար ֆիլմերը բերել Հայաստան:Հուլիսի 26-ից կցուցադրվի «Սառեցված երկիրը» թրիլերը, իսկ օգոստոսի 9-ից` «Պապ 005» կոմեդիան:
Կինոթատրոնում ընթացող ֆիլմերի շարքում են «Փոքրիկ զորավարը», «Ավտոմեքենաները 2», «Ռապունցել», «Կարմիր մոլորակի գաղտնիքը», «Քայլ առաջ», «Հերոսի վերադարձը» ֆիլմերը: