Շոու բիզնես

Լիդուշիկն իր առաջին երեւանյան մենահամերգին անակնկալներ է խոստանում

5 րոպեի ընթերցում

Լիդուշիկն իր առաջին երեւանյան մենահամերգին անակնկալներ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահումհանդեսատեսին կներկայանա մեծ մենահամերգով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում Լիդուշիկը նշեց, որ շատ լավ է պատրաստվել համերգին:«Համերգի առաջարկը կար դեռեւս 2012 թվականի ամռանը, երբ երկու տարբեր կազմակերպիչներից ստացել էի մենահամերգ անցկացնելու հրավեր, մեկը` Գյումրիից, մյուսը` Միացյալ Նահանգներից: Սկզբում մտավախություն ունեինք` չէ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ էր: Կազմակերպիչների նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը»,- պատմեց երգչուհին:

Այդ 2 համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը առիթ են հանդիսացել երեւանյան համերգը կազմակերպելու համար:«Ես կփորձեմ իմ էներգիան փոխանցել հանդիսատեսին եւ ուրախացնել նրանց»,- ավելացրեց Լիդուշիկը: Կայանալիք համերգի անակնկալներից է «Չեխոսլովակիան ունի տաղանդ» նախագծից հայտնի Չեխիայից ժամանած հայկական արմատներ ունեցող երգչուհի Դիանա Քալաշովայի եւ ֆրանսահայ 11-ամյա հանրահայտ դաշնակահար Րաֆֆի Արտոյի մասնակցությունը:Ի տարբերություն Քալաշովայի, Արտոն ոչ թե հրավիրված էր համերգին, այլ սեփական նախաձեռնությամբ էր մեծ ցանկություն հայտնել գալ Երեւան եւ մասնակցել Լիդուշիկի մենահամերգին: Առողջական խնդիրների պատճառով Րաֆֆին չկարողացավ մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն ընթացքում ցուցադրվեց հատված նաեւ նրա երաժշտական կատարումներից:«Ես շատ ուրախ եմ ներկա գտնվել համերգին, քանի որ Լիդուշիկն իմ ամենամոտ ընկերուհին է, մենք ծանոթացել ենք 2011 թվականին «Մանկական նոր ալիք» մրցույթում եւ ընկերացել ենք»,- պատմեց Քալաշովան, ով հայերեն ավելացրեց, որ ինքը շատ սիրում է Հայաստանը, քանի որ իր արմատները այստեղից են:

Լիդուշիկի տատիկ եւ միաժամանակ պրոդյուսեր Գոհար Ավագյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք լավ PR քայլ չէ, երբ 14-ամյա երեխան մենահամերգ է ունենում, նշեց, որ իրենք ինքնանպատակ ոչինչ չեն անում եւ ստեղծագործական 10-ամյա գործունեությամբ, անցած ուղով ոչ բոլոր երգիչ-երգչուհիները, անգամ ավելի մեծ տարիքում, կարող են հպարտանալ: «Մենահամերգը ինքնանպատակ բան չէ: Լիդուշիկը տասը տարիների ընթացքում ունի 21 երգ, որը հատուկ իր համար գրել եւ հաճախ իրեն նվիրել են լավագույն հայտնի եւ անհայտ հեղինակները»,- պարզաբանեց երգչուհու տատիկը: Նրա խոսքով` իրենք «ամպագոռգոռ» ինչ-որ բան անելու ցանկություն չունեն, եւ քննադատությունն էլ բնական է համարում, սակայն շատ են ցանկանում, որ կայանալիք համեգը առաջին հերթին տոն դառնա դահլիճում ներկա երեխաների համար: Երգչուհու տատիկը նաեւ հավելեց, որ համերգին փոքրիկ հայ կատարողներ չեն լինելու, քանի որ մեկին հրավիրելու դեպքում մյուսը կարող է նեղանալ, մինչդեռ մանկական երգարվեստը վերջին ժամանակահատվածքում բավականին ակտիվացել է: Լիդուշիկի համար հուլիսի 14-ը եռակի տոն է, քանի որ նշելու է նաեւ իր ծննդյան 14-ամյակը եւ բեմական գործունեության 10-ամյակը:

Լիդուշիկի մենահամերգին կմասնակցի նաեւ երգչուհի Նունե Եսայանը, ում հետ Լիդուշիկը կկատարի «Մամա» զուգերգը: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ 3 նոր երգերի պրեմիերաներ, գեղեցիկ պարային համարներ եւ լուսային ձեւավորում: Ասուլիսի ավարտին Լիդուշիկը եւ Դիանա Քալաշովան միասին հատուկ լրագրողների համար կատարեցին «Քեզ նման» ստեղծագործությունը: Մենահամերգից հետո երկուսն էլ պատրաստվում են ներկայանալ նոր ստեղագործական նախագծերով, նաեւ որպես հյուր մասնակցել Յուրմալայում օգոստոսին կայանալիք «Մանկական նոր ալիք 2013» մրցույթին: Լիդուշիկը 2011 թվականին Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթում ներկայացրել է «Պարը» երգը եւ արժանացել է հատուկ մրցանակի` իտալական «Ռաունա» (RAJ UNO) հեռուստաընկերության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում