ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ հայ երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան) օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդես կգա մեծ մենահամերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգի ամբողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
«Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երեխաներին: Այնիր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Երգիչը ծնվել է 1980թ. օգոստոսի 8-ին, Երեւանում: Սովորել է Երեւանի թիվ 46 միջնակարգ դպրոցի առաջին դասարանում, երբ 1989 թվականին ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ: 14 տարեկան հասակում աշխատանքի է անցել Հոլիվուդում գտնվող «Քալթրեքս» ստուդիայում: 2002 թվականին Լոս Անջելեսում կայացել է առաջին մենահամերգը: 2005 եւ 2006 թվականներին մենահամերգով հանդես է եկել Լոս Անջելեսի «Կոդաք» թատրոնում: Մենահամերգներ է ունեցել նաեւ մի շարք եվրոպական երկրներում եւ Երեւանում: Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: