Քաղաքագետն անհավանական է համարում Ադրբեջանում արդար ընտրությունների անցկացումը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների շրջանակում առավել մեծ կարեւորություն ու գործնական նշանակություն ունի հայ-ռուսական համագործակցությունը: Այդ մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ոչ ոք Հայաստանում եւ Մոկվայում չի սպասում, որ եթե մի իրավիճակ ստեղծվի, երբ ՀԱՊԿ-ը ստիպված լինի արձագանքել ռազմական միջոցներով, դա կնշանակի, որ Ղրղզստանից հեծելազորը կգա ու կկռվի Հայաստանի կամ Արցախի սարերում: Մեզ համար համար ՀԱՊԿ-ի պրակտիկ նշանակությունը երկկողմ հայ-ռուսական համագործակցությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մինասյանը:
Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստի մասին` Մինասյանը նշեց, որ դրանով ՌԴ-ն պահպանել է ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, քանի որ իրեն պատերազմի գլխացավանք պետք չէ: Նա ասաց, որ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառած զենքը միանգամից չի մատակարարի` այլ մեկ-երկու տարում, ինչը նույնպես վկայում է բալանսը պահպանելու ձգտման մասին: Քաղաքագետը չի կարծում, որ ռազմական գործողությունների հավանականությունը որեւէ ձեւով ավելացել կամ նվազել է: «Առկա իրավիճակում սկզբունքային փոփոխություններ մենք չենք տեսնում»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին՝ քաղաքագետն արդար ընտրությունների անցկացումը անհավանական համարեց: Նա խոսեց հավանականության մասին, որ Ալիեւներից մեկը կարող է ի օգուտ մյուսի չմասնակցել ընտրություններին: Մինասյանը խոսեց Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի աննախանձելիության մասին:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աղբյուրն օրեր առաջ ռուսական «Ведомости» պարբերականին տեղեկացրել է, որ Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ցամաքային զինատեսակների մատակարարումը: Աղբյուրի տվյալներով՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի:Ադրբեջանն աչքի է ընկնում ընդգծված հակահայկական գործունեությամբ: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համալրվում է զինտեխնիկայով: