Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազը Կիպրոսի ու Մոլդովայի հետ ստորագրեց համագործակցության փաստաթղթեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը Կիպրոսի ու Մոլդովայի հետ ստորագրեց համագործակցության փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 1-ին Մոլդովայի իր գործընկերոջ հետ ստորագրեց երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր՝ ի լրումն հունվարի 29-ին ստորագրված հուշագրի: Հայաստանի ու Կիպրոսի գլխավոր դատախազները եւս ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը նշեց, որ իր երկրում մեծաթիվ հայկական համայնք է կա, ինչը բարեկամական հարաբերությունների խթան է: «Հուսով եմ, որ փոխըմբռնման հուշագիրը կամրապնդի երկու դատախազությունների միջեւ հետագա իրավական համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կիպրոսի գլխավոր դատախազը:

Մոլդովայի գլխավոր դատախազ Գուրին Կորնելիուսը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության ծրագրի ստորագրումը կխթանի երկկողմ փոխգործակցությունը: «Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նոր բարձունքների է հասցնում մեր համագործակցությունը»,- ասաց Մոլդովայի գլխավոր դատախազը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 1-ին ընդունել է Դատախազության աշխատողի օրվա եւ կառույցի կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների ու միջազգային կազմակերպության պատվիրակություններին:

Աղվան Հովսեփյանի հրավերով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի ու Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի ու Բելառուսի դատախազությունների պատվիրակություններ՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի ու Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություններ: Աղվան Հովսեփյանը Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին պարգեւատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով, իսկ պատվիրակության որոշ ներկայացուցիչների նաեւ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով: Հուլիսի 1-ին Երեւանում հանդիսավոր նիստ կանցկացվի Դատախազության կազմավորման 95- ամյակին նվիրված:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում