ՀՀ Նախագահին ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տոնում է ծննդյան 59-րդ տարեդարձը: Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը, շնորհավորական հեռագրում Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի ներդրումը հայ-ռուսական՝ ավանդական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունների ամրապնդման գործում: «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Դուք իրավամբ վայելում եք բարձր հեղինակություն Ձեր Հայրենիքում և արտերկրում: Դժվար է գերագնահատել Ձեր ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա:

Մեր վերջին հանդիպումները նպաստեցին երկկողմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում կառուցողական համագործակցության, միջազգային ասպարեզում, հատկապես՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Այդ ամենը բխում է Ռուսաստանի և Հայաստանի արմատական շահերից, ընթանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հունով:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը: 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:

2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, եւ երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:

Երկրի ղեկավարը ծննդյան տոնը կնշի ընտանեկան մթնոլորտում:

Հայերեն Русский

Հայաստանի ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համար. պաշտոնավարումը կասեցվել է

«Նոր գիրք»-28/26. Աֆյան, Գեյման, Ռիդել, Պռուտկով

Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում

Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի

Աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն. հետազոտության արդյունքները

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով