Շոու բիզնես

«Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագիծը կհամախմբի անվանի երաժիշտներին

3 րոպեի ընթերցում

«Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագիծը կհամախմբի անվանի երաժիշտներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում սեպտեմբերի 24-29-ը կանցկացվի երաժշտության շաբաթ: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ հեղինակավոր արտիստների համերգներ կազմակերպող «Ֆորպոստարտ» ընկերության եւ ռեժիսոր, շոումեն Էմիլ Կարատի` շուրջ մեկ տարի տեւած աշխատանքի արդյունքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրենԶառա Մխեյանը նշեց, որ Էմիլ Կարատի «В гримёрной с…» հաղորդման ձեւաչափի հիման վրա իրենք հանրության ուշադրությանը կներկայացնեն մշակութային նախագիծ, որը ոչ միայն կներկայացնի հայաստանյան մշակութային կյանքի երաժշտական լավագույն ձեռքբերումները, այլեւ կարտացոլի Սփյուռքի, այլ երկրներ վոկալ եւ կատարողական մշակույթները:

«Այն ծրագիրը, որն իրականացնում ենք, իրականում բարձր դասի է, քանի որ գուցե կոպիտ է հնչում, սակայն այստեղ չեն մասնակցում բոլոր նրանք, ովքեր կցանկանան, այլ մեր` կազմակերպիչներիս կողմից փորձ է կատարվել ընտրությունը կատարել` հիմնվելով համաշխարհային չափանիշների վրա»,- պատմեց Մխեյանը: Նրա խոսքով` մանրակրկիտ մշակվելու եւ նախապես մտածված է լինելու յուրաքանչյուր մանրուք:

«Երեւանում երաժշտության շաբաթ»-ը կներառի յոթ համերգներ, հեղինակային երեկոներ, երաժշտական ալբոմների շնորհանդեսներ, այլ միջոցառումներ:

Մխեյանի գնահատմամբ` կայանալիք խոշոր մշակութային իրադարձությունը ոչ միայն կներկայացնի արդեն հայտնի անունների, այլեւ` հնարավորություն կտա բացահայտել նոր տաղանդավոր անուններ:

Նախագիծը, կազմակերպիչների կարծիքով, գրավիչ է ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրում որակյալ երաժշտությունը գնահատողների համար: «Երեւանում երաժշտության շաբաթ» մշակութային ծրագրի յուրահատկությունն այն է, որ կայանալիք միջացառումները ոչ թե զուտ համերգային ծրագրեր են, այլեւ իրենց ձեւաչափով հետաքրքիր հեղինակային երեկոներ, որոնք ենթադրում են հանդիսատեսի հետ անմիջական շփում, բլից հարցազրույցներ:

Կայանալիք յոթ համերգային ծրագրերը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ նախագիծը կեզրափակվի Ազատության հրապարակում բացօթյա մեծ գալա համերգով:

Շաբաթվա շրջանակում «Սեպտեմբերի 24» նախագիծը կմեկնարկի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված բարեգործական համերգով: Նախագծին կմասնակցեն եւ համերգներով հանդես կգան «Դորիանս» հայկական ռոք խումբը, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Պոլտավցովը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նավագակցությամբ, Էռնա Յուզբաշյանը, Լեւոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը, շատ այլ անվանի երաժիշտներ:

Հունիսի 26-ին «Ֆորպոստարտ»ընկերությանգլխավոր տնօրենԶառա Մխեյանը շնորհակալական բաց նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` «Երեւանում երաժշտության շաբաթ» նախագծի իրականացմանն աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում