ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) մենահամերգ կտա հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ 2012 թվականի ամռանը երկու տարբեր կազմակերպիչներից ստացել էր մենահամերգի երկու առաջարկ, մեկը` Գյումրիից, մյուսը` Միացյալ Նահանգներից:
«Սկզբում մտավախություն ունեինք, չէ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ էր: Կազմակերպիչների նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ 2 համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը առիթ հանդիսացան Երեւանում նույնպես կազմակերպելու մենահամերգ»,- պատմեց Լիդուշիկը: Նրա խոսքով` կայանալիք համերգի անակնկալներից մեկը կլինի Չեխիայից Դիանա Քալաշովայի մասնակցությունը, ով հայտի է դարձել «Չեխոսլովակիան ունի տաղանդ»նախագծից:
«Ինձ համար մեծ պատիվ է նաև համերգին Նունե Եսայանի մասնակցությունը, ում հետ կկատարեմ «Մամա» զուգերգը»,- ընդգծեց Լիդուշիկը:
Համերգի ընթացքում կհնչեն նաեւ 3 նոր երգերի պրեմիերաներ, գեղեցիկ պարային համարներ եւ լուսային ձեւավորում:
«Մյուս անակնկալների մասին չեմ ուզում խոսել, սակայն վստահեցնում եմ որ բոլոր երեխաների համար այդ օրը կլինի մանակական տոն: Ուզում եմ նշել, որ այդ օրն ինձ համար եռակի տոն է, քանի որ նշելու եմ իմ ծննդյան 14-ամյակը եւ բեմական գործունեության 10-ամյակը: Այն կլինի ինձ համար «ամփոփիչ համերգ» 10 տարիների գործունեության»,- հավելեց փոքրիկ երգչուհին:
Լիդուշիկը 2011 թվականին Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթում ներկայացրել է «Պարը» երգը եւ արժանացել է հատուկ մրցանակի` իտալական «Ռաունա» (RAJ UNO) հեռուստաընկերության կողմից: