Հատուկ նախագծեր

«Արարատ 73-40 տարի անց». բժիշկ Վահագն Օրդյանը պատմում է «արարատցիների» եւ ներկայիս հավաքականի նմանությունների մասին

7 րոպեի ընթերցում

«Արարատ 73-40 տարի անց». բժիշկ Վահագն Օրդյանը պատմում է «արարատցիների» եւ ներկայիս հավաքականի նմանությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարծես բոլորը ճիշտ ժամանակին հայտնվեցին մի տեղում, եւ դա «Արարատ»-ն էր. հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի մասին խոսելիս այսպես հիշեց «Արարատ»-ի բժիշկ Վահագն Օրդյանը, ով «Արարատ»-ում սկսած ուղին այժմ էլ շարունակում է ազգային հավաքականում: «Արմենպրես»-ը, շարունակելով «Արարատ 73. 40 տարի անց» նախագիծը, ներկայացնում է թիմի «առողջության պատասխանատու» Վահագն Օրդյանի հուշերը «արարատյան» վերելքի տարիների մասին:

՞րբ եւ ինչպե՞ս եկաք «Արարատ»:

-Ես «Արարատ» եկա 1973 թվականից մեկ տարի հետո` 1974-ին, խորհրդային բանակից զորացրվելուց հետո նախ աշխատանքի անցա ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում: Այդ ժամանակ «Արարատ»-ը մնացել էր առանց բժշկի, քանի որ բժիշկը` Արամ Յուսուֆյանը, մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինձ հրավիրեցին թիմ, եւ տղաների հետ մեկնեցի մի քանի խաղերի: Դրանից հետո ընդունվեցի Մոսկվայի «Շմիդտ»-ի անվան ինստիտուտ: Այն չավարտեցի. հորս մահից հետո շուտ վերադարձա Երեւան: 1975-թվականի հունվարին, երբ «Արարատ»-ի գլխավոր մարզիչը դարձավ Վիկտոր Մասլովը, եկա թիմ: Եվ 1975 թվականից մինչեւ 1996-ը մնացի «Արարատ»-ի բժիշկ:

Այնուհետեւ ինձ բախտ վիճակվեց աշխատել ազգային հավաքականում: Եղել եմ նաեւ «Փյունիկ», «Կիլիկիա» թիմերի, ինչպես նաեւ տարբեր տարիքային հավաքականների բժիշկը: Իսկ հիմա կրկին ազգային հավաքականում եմ:

-«Արարատ»-ի հաղթական օրերից անցել է ավելի քան 40 տարի, Դուք ասացիք, որ ծառայության մեջ էիք: Ինչպե՞ս իմացաք այդ լուրը: Հիշո՞ւմ եք:

-Երբ «Արարատ»-ը 1973 թվականին երկու խոշոր հաղթանակ տարավ, ամբողջ Խորհրդային Միությունն էր խոսում: Շատ հպարտ էի, շատերը ինձ շնորհավորեցին: Դե ես էլ տղաների մեծ երկրպագուն էի: Ֆուտբոլի մեծ սիրահար էի, եւ տղաների բոլոր խաղերն անպայման նայում էի: Անկեղծ ասած, ուզում եմ մի փաստ հիշենք, որ «Արարատ»-ը 1973 թվականից երկու տարի անց` 1975 թվականին, նորից դարձավ ԽՍՀՄ գավաթակիր, ուզում եմ որ սա էլ չմոռանանք: Ավելին, դրա հաջորդ տարին էլ, 1976 թվականին հասավ մինչեւ գավաթի: Այնպես որ, ինչպես ասում են, այդ տարիներին «Արարատի» դեմ խաղ չկար: Բացի դրանից, ինձ վրա անջնջելի տպավորություն է թողել 1975 թվականի իմ առաջին միջազգային հանդիպումը` մարտի 5-ին կայացած Մյունխենի «Բավարիա»-ի հետ «Արարատ»-ի հանդիպումը: Դա մեր առաջին միջազգային հանդիպումն էր, այն էլ իր կազմում այդքան աշխարհի չեմպիոններ ունեցող թիմի հետ: Հետո մարտի 19-ին մենք հյուրընկալեցինք նրանց: Չնայած մեկում հաղթեցինք, իսկ մյուսում պարտվեցինք, բայց ինձ համար դրանք անմոռաց խաղեր էին, որովհետեւ «Բավարիա»-ի հավաքականի գրեթե կեսը խաղում էր Գերմանիայի հավաքականում:

-Դուք «Արարատ»-ում էիք, ներքին «խոհանոց»-ը տեսանելի էր: Ձեր կարծիքով ո՞րն էր նրանց հաջողության հասնելու գաղտնիքը:

-«Արարատ»-ում խաղում էին նույնքան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ինչպիսին ասենք կային «Բավարիա»-ում: Նրանք իրենց գործի գիտակն էին, նրանք լրացնում էին մեկ մեկու: Առանց խոսքի իրար հասկանում էին: 1971-1976 թվականների «Արարատ»-ն իսկապես հզոր էր եւ կարող էր մրցել ցանկացած ակումբի հետ:

-Սովորաբար նման կուռ եւ համախմբված թիմերը միշտ մի միասնական գաղափար են ունենում: Բացի միշտ հաղթանակի հասնելու կամքից, ուրիշ ի՞նչ չգրված օրենք, սկզբունք կար թիմում:

-Իհարկե, տղաները մի ընդհանուր նպատակ` հաղթելու ձգտում ունեին: Սա բոլորի ցանկությունն էր: Այնպես չէր, որ նրանք բոլորը մոտ էին միմյանց հետ, սակայն խաղադաշտում իրար գերազանց հասկանում ու լրացնում էին իրար: Հետաքրքիրն այն էր, որ կարծես բոլորը ճիշտ ժամանակին հայտնվեցին մի տեղում, եւ դա «Արարատ»-ն էր:

-Իսկ ինչպե՞ս եք հիշում 1975 թվականի գավաթի եզրափակիչ խաղը:

-Այ դա շատ լավ եմ հիշում: Եզրափակչում մրցում էին Վոլգոգրադի «Զարյա»-ի հետ: Սկզբում պարտվում էինք 0-1 հաշվով, սակայն հետո հաղթեցինք 2-1 հաշվով: Էդուարդ Մարկարովը Գեղարվեստական իրերի գործարանում փոքրիկ հուշանվեր-կախիչներ էր պատրաստել, որի վրա գրված էր. ««Արարատ» Երեւան, 1975 թվականի գավաթակիր»: Հենց հանդիպումն ավարտվեց, ու մենք հաղթեցինք, Էդուարդ Մարկարովը հանդերձարանում սկսեց բաժանել այդ կախիչները: Հենց դրանք էլ ձեռքներին տղաները դուրս եկան գավաթ ստանալու:

-Թիմում կա՞յին ֆուտբոլիստներ, ովքեր հաճախակի էին վնասվածքներ ստանում:

-Զարմանալի կարող է թվալ, սակայն տղաները շատ հազվադեպ էին վնասվածքներ ստանում: Նրանց պրոֆեսիոնալիզմը զգացվում էր նաեւ այդտեղ, քանի որ լավ մարզված ու պատրաստված ֆուտբոլիստը քիչ վնասվածքներ է ստանում: Հաճախ պատահում էր նաեւ, որ տղաները շատ մանր վնասվածքների մասին ինձ չասելով` դաշտ էին դուրս գալիս: Իհարկե, դա մեզ` բժիշկներիս, համար անընդունելի էր, ամեն դեպքում դա հաղթելուն չէր խանգարում:

-Հիմա Դուք ազգային հավաքականում եք աշխատում, երկու թիմերի միջեւ ո՞րն է նմանությունն ու տարբերությունը:

-Իհարկե, երկու թիմերի խաղում մի բան ակնհայտ է` նրանք հայ են, նրանք նույն մենթալիտետի մարդիկ են: Տարբերություն էլ կա, ժամանակներն իրենց ասում են: Երեկվա եւ այսօրվա ֆուտբոլի ու ֆուտբոլիստների միջեւ շատ մեծ տարբերություն կա: Հիմա լավ հավաքական ունենք: Ես հույսով եմ, որ մեր սպասած մեծ հաղթանակը առջեւում է: Մեր նոր սերուդը լավ նախադրյալներ ունի, չէ որ նրանցից մեկը Հենրիխ Մխիթարյանն է, Էդգար Մանուչարյանը եւ այլք:

-Նախկին արարատցիների հետ շփում կա՞, նրանց հետ կապը պահո՞ւմ եք:

-Իհարկե, նրանք, ովքեր այստեղ են, տեսնվում ենք: Մեր հանդիպումները շատ ջերմ են լինում: Նույնիսկ հիմա` 40 տարի անց էլ եթե իմ կարիքը զգում են, փորձում եմ ամեն կերպ օգնել: Հիմա էլ տարիքի հետ կապված, որքան մեծանում են այնքան ցավերն ու վնասվածքները շատանում են:

- Այսօր ունե՞ք սիրելի թիմ, որի խաղին հետեւում եք:

- Եթե անկեղծ, ապա վերջին շրջանում ուշադրությունս ուղղել եմ այլ մարզաձեւերի: Նայում եմ աթլետիկական մրցումներ, թենիս, բասկետբոլ: Հետաքրքիր է, բայց հանգստանում եմ այդ մարզաձեւերը նայելիս: Ֆուտբոլ շատ- շատ եմ նայել:

Վահագն Օրդյանի հուշերը «Արարատ»-ի մասին գրի առավ Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում