Հասարակական

Առաջարկվում է «Արարատ 73» թիմին նվիրված հուշարձանախումբ կերտել

3 րոպեի ընթերցում

Առաջարկվում է «Արարատ 73» թիմին նվիրված հուշարձանախումբ կերտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում հունիսի 24-ին տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցն էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում: Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ 73» -ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:

Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատ 73»-ի փառահեղ հաթանակի հեղինակներին անմահացնելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլև նոր սերնդի մարզիկներին ոգևորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը: Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին: Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարվելով, որ «Արարատ 73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է: Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի և կարևորեցին ֆուտբոլային ոգևորության արթնացումը հանրության շրջանում:

Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարևորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի: Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարևորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը և հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում «Արարատ 73»-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաև «Արարատ 73»-ի թանգարան հիմնելու հարցը:

Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ: Վազգեն Սաֆարյանը նաև առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին և շահագրգիռ անձանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում