Թուրքիայում ծավալվող իրադարձությունները լուրջ ազդեցություն կունենան երկրի քաղաքական կյանքի վրա. Ռուբեն Սաֆրաստյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները լուրջ ազդեցություն կթողնեն երկրի քաղաքական կյանքի վրա: Հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման Ժամանակ նման կարծիք հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Այս զանգվածային ցույցերով Թուրքիայի հասարակությունը դաս տվեց իշխանություններին՝ նրանց հասկացնելով, որ իշխող կուսակցությունը պետք է հաշվի նստի հասարակական կարծիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Սաֆրաստյանն ընդգծեց, որ այսուհետ Թուրքիայում ցանկացած կուսակցություն, որը իշխանության կգա, ստիպված է լինելու լսել հասարակության ձայնը, ինչը չկար նախկինում:

Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով ավելի է կորցնում հասարակության վստահությունը: «2014 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ արդեն գաղտնիք չէ, որ մինչ այդ Էրդողանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների միջոցով մեծացնել նախագահի լիազորությունները եւ առաջիկա ընտրություներում նախագահ դառնալ»,- ասաց նա: Վերջին իրադարձություններից հետո իրավիճակն այս առումով բարդանում է Էրդողանի համար՝ շահեկան վիճակում դնելով երկրի ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլին:

Զանգվածային ընդվզումներն աննախադեպ իրադարձություն են հանրապետական Թուրքիայի համար: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ նախկինում երբեք բողոքի այսպիսի զանգվածային ակցիաներ չեն եղել: «Զանգվածային ակցիաները Թուրքիայում միշտ կասեցվել են, երբ ուժ է կիրառվել, սակայն այս անգամ պետության ամբողջ ուժի օգտագործումը նույնիսկ չի կարողանում դադարեցնել ցույցերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա խոսում է այն մասին, որ թուրքական հասարակությունը հաղթահարել է վախը իշխանությունների նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայում հասարակության մի ստվար զանգված դեմ է Էրդողանի վարած իսլամացման քաղաքականությանը, ինչը նույնպես հակակառավարական ցույցերի պատճառ է հանդիսացել: Բանախոսն, այնուամենայնիվ, Թուրքիայում հեղաշրջման հեռանկարներ չի տեսնում: «Արդեն երկու շաբաթ է, ինչ երկրում զանգվածային ցույցեր են ընթանում, սակայն թուրքական բանակն անտարբեր է այս ամենի նկատմամբ, իսկ հեղաշրջում իրականացնելու համար անհրաժեշտ է բանակի օգնությունը»,-ասաց նա: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ոչ մի քաղաքական ուժ կազմակերպված մասնակցություն չի ունեցել զանգվածային ցույցերին: Ըստ նրա՝ երկրում ծավալվող իրադարձությունները իրենց բացասական ազդեցությունը կունենան նաեւ արտաքին քաղաքականության եւ տնտեսական հետագա զարգացման վրա:

Թաքսիմում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի շինարարության շրջանակում կառավարությունը որոշել է Գեզի պատմական այգում առեւտրային եւ զվարճանքի կենտրոններ կառուցել, ինչի հետեւանքով այգու մեծ մասը պետք է վերացվեր: Բնապահպանական պահանջով սկսված բողոքի ակցիաները Թուրքիայի ամբողջ տարածքով վերածվել են հակակառավարական ցույցերի:

Հայերեն Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP