ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակությունըհունիսի 7-ի լուսադեմին մեկնել է այս տարի մրցույթը հյուրընկալող Լեհաստանի Գդանսկ քաղաք: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է 17-ամյա Վահագն Մարգարյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու, պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ պատվիրակության կազմում բացի իրենից եւ Վահագնից, նաեւ Հայաստանի մասնակցի պարուսույցն է` Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը, եւ բեմադրության հեղինակ, Շվեդիայի թագավորական թատրոնի մենապարող Արսեն Մեհրաբյանը, ով պատվիրակությանը կմիանա Գդանսկում:
«Հունիսի 8-ին մենք կմասնակցենք մրցույթի պաշտոնական բացման արարողությանը, այնուհետեւ կմեկնարկեն մասնակիցների ակտիվ փորձերն ու նախապատրաստական աշխատանքները»,- պատմեց Գասպայանը: Նրա խոսքով` Վահագնին իսկապես հագեցած օրակարգ է սպասվում:
Նա մրցույթում կներկայացնի «Փակուղի» անվանումով մենապար. բեմականացման մեջ ներկայացված է անելանելի իրավիճակ, որից պարողը չի կարողանում դուրս գալ փակուղու պատճառով: Վահագնը առաջին ագամ է մասնակցում միջազգային մրցույթի եւ իր համար մեծ պատասխանատվություն է, քանի որ ներկայացնելու է ոչ միայն իրեն, այլեւ` Հայաստանը: Հայկական բեմադրության համար երաժշտությունը հեղինակել է Օտտո Բուբենչիկը, ով Իրժի եղբոր հետ բավական հայտնի են երաժշտական աշխարհում: Երաժշտության մեջ կհնչի դուդուկ, ջութակ:
Համաձայն մրցույթի կանոնադրության` բեմադրությունը կունենա մեկ ու կես րոպե տեւողություն: Մասնակիցները հանդես կգան նաեւ խմբակային պարով, որը բեմադրվելու է հենց այնտեղի խորեոգրաֆի կողմից, միայն եզրափակիչ անցած պարողներին կսպասվի նաեւ իմպրովիզի փուլը, որտեղ գնահատելի կլինի շուտ կողմնորոշվելու ունակությունը եւ տարբեր ոճերում հանդես գալու կարողությունը:
Միջազգային այս հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցում է տասը երկիր: Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ:
Հունիսի 14-ին ժամը 22:00-ին «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը բոլոր ցանկացողների համար հասանելի կլինի նաեւ վիրտուալ տիրույթում` մրցույթի պաշտոնական կայքում։ Դեռեւս վիճակահանություն տեղի չի ունեցել, եւ հայտնի չէ երկրների ելույթների հերթականությունը: