ԱԱԽ քարտուղարի համոզմամբ` գազի սակագնի հետ կապված հայ-ռուսական փոխօգնության մեխանիզմներ կգտնվեն
2 րոպեի ընթերցում
![ԱԱԽ քարտուղարի համոզմամբ` գազի սակագնի հետ կապված հայ-ռուսական փոխօգնության մեխանիզմներ կգտնվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/05/720620.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմավարական գործակցության շրջանակներում գազի սակագնի հետ կապված փոխօգնության մեխանիզմներ կգտնվեն: Այդ մասին մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով գազի սակագնի բարձրացման ու հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին: «Գազի սակագնի հետ կապված փոխադարձ աջակցության ինչ-որ մեխանիզմներ կգտնվեն, եւ մեր պետությունը համապատասխան քայլեր կիրականացնի մեղմելու համար գազի բարձրացող սակագինը հատկապես սոցիալապես անապահով խավերի համար»,- ասաց ԱԱԽ քարտուղարը՝ հավելելով, որ մեղմումը էական կլինի: Բաղդասարյանը նշեց, որ գազի սակագնի առումով Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան` շատ այլ երկրներ: Նա կարեւորեց տնտեսության զարգացման բարձր տեմպերի անհրաժեշտությունը թանկացումների ազդեցությունը մեղմելու հարցում:
«Արմենպրես»-ի փոխանցամբ՝ԱԱԽ քարտուղարը հայ-ռուսական հարաբերությունները փայլուն եւ դրական է գնահատում` ընդգծելով բազմաթիվ ոլորտներում գործակցության մասին: «Բոլոր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցությունն արդյունավետ զարգանում է»,- վստահեցրեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ հունիսին Ռուսաստանից երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցեր կլինեն Հայաստան:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար է համարել մեկ խորանարդ մետր գազի համար սահմանել 156 դրամ սակագին: Մայիսի 15-ի առավոտյան քաղաքացիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ` գազի թանկացումը թույլ չտալու պահանջով: Քաղաքացիները նախատեսում են բողոքի ակցիաները շարունակական դարձնել, ալիքը տարածել նաեւ մարզերում: Մայիսի 29-ին ակտիվիստները խոչընդոտել են գազի գնի հետ կապված քննարկումների անցկացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: