ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Պ.Չայկովսկու անվաներաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի սաները մայիսի 25-ին Գյումրիի մանկատան երեխաների համար բարեգործական համերգ կտան Գյումրիի Արվեստների ակադեմիայի դահլիճում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան)պատմեց, որ համերգի իրականացման գաղափարը իրենն է:
«Սկզբում մենք ծրագրում էինք մեկ մանկատուն այցելել, հետագայում տեսնելով գյումրեցիների ոգեւորությունը` որոշեցինք դահլիճ վերցնել եւ համերգ տալ մանկատան բոլոր երեխաների համար»,- ասաց նա:
Հայկոն նշեց, որ Գյումրու քաղաքապետը միացել է նախաձեռնությանը եւ կապահովի մանկատան երեխաների տեղափոխումը համերգային դահլիճ եւ հակառակը:
Համերգի կազմակերպիչը չէր ցանկանում, որպեսզի կայանալիք միջոցառումը հանրային մեծ ուշադրություն գրավի, սակայն կարծում է, որ այն լավ օրինակ կհանդիսանա շատերի համար եւ կոչ բարեգործական միջոցառումների իրականացման համար:
Վոկալ-էստրադային ստուդիայի սաները համերգի ընթացքում կկատարեն ոչ միայն իրենց հեղինակային ստեղագործությունները, այլեւ տարբեր ոճերի եւ ժանրերի կատարումներ, այդ թվում` հայկական եւ արտասահմանյան:Երգահանը պատմում է, որ տեղեկանալով համերգի մասին` շոու բիզնեսի ներկայացուցիչները մասնակցության ցանկություն են հայտնել:Հաերգին կմասնակցեն «Հայաստանի ձայնը» նախագի հաղթող Մաշա Մնջոյանը, Նարեկ Բավեյանը, այլք:Իր կատարումներով հանդես կգա նաեւ Հայկոն:
Մայիսի 26-ին երգիչը եւս մեկ անակնկալ կմատուցի գյումրեցի հանդիսատեսին:«Հաջորդ օրը նույն դահլիճում տեղի կունենա իմ հեղինակային երգերի երեկոն, որի ընթացքում կհնչեն ֆիլմերի համար գրված իմ բոլոր soundtrack-ները: Համերգը կանցնի յուրահատուկ ձեւաչափով, որը կանցկացվի talk show տարբերակով, հանդիսատեսը հնարավորություն կունենա ինձ հարցեր ուղղել, ես էլ կպատմեմ երգերի ստեղծման մասին»,- նշեց Հայկոն` հավելելով, որ համերգը կվերածվի յուրօրինակ վերապատության դասընթացի:
Մայիսի 26-ի վաճառված տոմսերից գոյացած հասույթի միջոցով Գյումրու տուն-ինտերնատի համար կգնվի Petroff մակնիշի չեխական դաշնամուր:
Չայկովսկու անվաներաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիան հիմնվել է 2012 թվականին: Այստեղ երաժշտական կրթություն են ստանում 6-17 տարեկան աշակերտներ: