ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի փորձագետները ՀՀ ոստիկանությունում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը մայիսի 20-ից գտնվում է Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում իրականացված աշխատանքները, ներկայացվել են ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2012-2013 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ու ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև հետագա համագործակցության հնարավորությունները:
Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանի հետ, ՀՀ ոստիկանության շտաբում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններում, փորձաքրեագիտական վարչությունում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ինֆորմացիոն կենտրոնում և ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում: